Ֆիզիկայի կամավոր ատեստավորման այս տարվա արդյունքները բավականին ցածր են, հիմա բողոքարկման ընթացակարգ է ընթանում։ Այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած ֆիզիկա առարկայի կամավոր ատեստավորման նախնական տվյալներով՝ մասնակիցների շուրջ 68%-ը չի հաղթահարել նվազագույն՝ 60%-ի շեմը։ Ուսուցիչները պնդում են, որ թեստերը չեն համապատասխանել ուղեցույցին, առաջադրանքները եղել են չափազանց բարդ ու ժամանակատար։
Նախարարը խոստացավ ուշադիր լինել, որ բողոքարկման գործընթացը լինի օբյեկտիվ։
«Ֆիզիկայի ուսուցիչներին խնդրում ենք հանգիստ լինել»,– ասաց Անդրեասյանը։