Թիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը

Պակիստանի քաղաքացի Ասիֆ Մերչանթը 27,5 տարվա բանտարկության է դատապարտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ Մերչանթը «Իրանի գործակալ» է։

«Բրուքլինի դաշնային դատարանում Պակիստանի 48-ամյա քաղաքացի Ասիֆ Մերչանթը ԱՄՆ շրջանային դատավոր Էրիկ Կոմիտիի կողմից դատապարտվել է 330 ամսվա (27,5 տարվա) ազատազրկման՝ ազգային սահմաններից դուրս իրականացված ահաբեկչական գործողություն կատարելու փորձի, ինչպես նաև պատվիրված սպանություն կազմակերպելու համար», – ասվում է գերատեսչության կայքում նոյեմբերի 17-ին հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես պնդում է արդարադատության նախարարությունը, մեղադրյալն ինքը հայտարարել է, որ անդամակցել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և գործել «նրա անունից»։ Մեղադրյալի խոսքով՝ իր գլխավոր թիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, իսկ մյուս թիրախները կարող էին լինել այդ ժամանակ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող Ջո Բայդենը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Ըստ հայտարարության՝ ԻՀՊԿ-ն Մերչանթին ուղարկել է՝ վրեժ լուծելու ԱՄՆ-ի կողմից 2020 թ. հունվարին իրանցի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար։

Գերատեսչության տեղեկություններով՝ Մերչանթն ԱՄՆ է ժամանել 2024 թվականին, որտեղ անմիջապես կապվել է իր ծանոթներից մեկի հետ, որը պետք է նրան օգներ մահափորձ կազմակերպելու հարցում։ Այդ ծանոթը Մերչանթի մտադրությունների մասին տեղեկացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) և սկսել ամերիկյան կողմի հետ համագործակցել որպես իրազեկիչ։ Ծանոթի օգնությամբ Մերչանթը կապ է հաստատել ենթադրյալ վարձու մարդասպանների հետ, որոնք ՀԴԲ-ի քողարկված աշխատակիցներ են եղել։ 2026 թվականին նա նրանց է փոխանցել պատվերի կատարման համար կանխավճարը, ինչից կարճ ժամանակ անց ձերբակալվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *