Հորդորում ենք զերծ մնալ անհիմն մեղադրանքներ հնչեցնելուց․ ՊՆ–ից պատասխանել են Աննա Հակոբյանի օգնականին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը պատասխանել է վարչապետի կողակից Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանին․

Հիշեցնենք՝  Ստելլա Սարուխանյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել պաշտպանության նախարարության դեմ։

«Կլինեմ առաջին մայրը, ով ՀՀ ՊՆ-ի դեմ հաղորդում կներկայացնի հանցագործության մասին։ Պաթոսով ու կենացով հայրենիք պաշտող զինկոմներ և այլներ…Դուք այս երկրի համար մեկ թշնամիներն եք, քանի որ անտարբերությունը չարիք է…

Պարոն Սուրեն Պապիկյան, ամենայն հարգանքով Ձեր անձի նկատմամբ, փորձում եմ ձևակերպել միտքս կոռեկտ և չափի մեջ…բայց…ՊՆ-ում տոտալ բարդակ է: Ինչո՞ւ եք խեղում իմ որդու և շատ այլ տղաների ճակատագրերը»,-հայտարարել էր նա։

«Գ. Սարուխանյանը ներկայումս գտնվում է առողջական վիճակի հետազոտման փուլում, և զինվորական ծառայության համար նրա պիտանիության վերաբերյալ եզրակացությունը կկայացվի սահմանված կարգով իրականացվող բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա։

Գ. Սարուխանյանի առողջական վիճակի հետազոտությունը, բուժման գործընթացը, ինչպես նաև բժշկական փորձաքննությունը Երևանի N 4 զինվորական կոմիսարիատը կազմակերպել է գործող օրենսդրության պահանջներին համաձայն։ Նրան լրացուցիչ հետազոտության ուղեգրելու վերաբերյալ եզրակացությունները կայացրել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովը՝ հաշվի առնելով զորակոչիկի զինվորական ծառայության պիտանիության օբյեկտիվ որոշման համար լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը։

Միաժամանակ ընդգծում ենք, որ հետազոտությունների իրականացման մեթոդները, այդ թվում դրանք անզգայացմամբ կամ առանց անզգայացնելու իրականացնելու հարցը, դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասություններից։

Նշենք նաև, որ Գ. Սարուխանյանը ծանուցվել է զինվորական կոմիսարիատ ներկայանալու, առողջական վիճակի հետազոտության ուղեգրվելու կամ բժշկական փորձաքննություն անցնելու նպատակով։

Այլ մանրամասներ պաշտպանության նախարարությունը չի կարող հաղորդել, քանի որ դրանք առնչվում են անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին օրենքներին։

Հորդորում ենք զերծ մնալ պաշտպանության նախարարության հասցեին անհիմն մեղադրանքներ և գնահատականներ հնչեցնելուց»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *