
Ոստիկանության Աշտարակի բաժնում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ Օշական գյուղում հաշվառված 48-ամյա Ստելլա Հ.-ի նկատմամբ շորթում է կատարվել։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրա հոր մահից հետո 2018 թվականին Օշական գյուղում գտնվող 11 հազար մետր մակերեսով վարելահողը ժառանգությամբ անցել է Ստելլա Հ-ին, նրա մորը և քրոջը, այնուհետև քրոջ մասնաբաժինը լիազորագրով անցել է Ստելլա Հ-ին, ինչի համար կա կադաստրային ծածկագիր։ Այն շուրջ 20 տարի շարունակ անօրինական կերպով տնօրինել և տիրապետել է քրեական հեղինակություն հանդիսացող «թուրք» մականվամբ՝ Օշական գյուղի բնակիչ 70-ամյա Սաշա Մելիքյանը։
«Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Ս. Մելիքյանը օրենքով գող «Օշականցի Գևորիկի» մականվամբ Գևորգ Մելիքյանի եղբայրն է։
Պարզվել է, որ Ս․ Մելիքյանը Ստելլա Հ․-ի հոր մահից հետո նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շինություն և այն մարդկանց կողմից ստացել է «Թուրքի պիվնոյ» անունը։
Ըստ օպերատիվ տեղեկությունների այս տարվա մարտից Ստելլա Հ.-ին են զանգահարել նրա քույրը, քրոջ ամուսինը և փորձել են համոզել, որպեսզի կադաստրային ծածկագրով հողատարածքը նա տա Ս․ Մելիքյանին, սակայն մերժում ստանալով՝ Ստելլա Հ.-ի հեռախոսին տարբեր հեռախոսահամարներով զանգահարել է Ս․ Մելիքյանի որդին՝ Օշականի բնակիչ 37-ամյա Ալբերտ Մելիքյանը, անգամ սպառնացել է, որ «հողը պետք է տա հորը, եթե ոչ, ապա գիտի, որ որդին՝ Սոս Հ-ն, ազատազրկման մեջ է, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի «Կրեստ» քրեակատարողական հիմնարկում, գիտի իրենք ով են և ինչ կարող են անել գաղութում նրա որդու հետ։ Եթե չի ուզում խփել տա, ապա պետք է հողը տա Ս․ Մելիքյանին»։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար»,- հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: