Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է խստացնել վիրավորանքի և զրպարտության (այդ թվում՝ սոցիալական ցանցերում արված մեկնաբանությունների) համար նախատեսված դրամական փոխհատուցումները։ BanksNews.am-ը տեղեկացավ, որ եթե ներկայումս օրենքը սահմանում է միայն փոխհատուցման վերին շեմ, ապա նոր նախագծով ներդրվում է նաև պարտադիր նվազագույն սահմանաչափ:
Նախագծի ընդունման դեպքում դրամական փոխհատուցումների չափերը կսահմանվեն հետևյալ տիրույթում.
- Վիրավորանքի դեպքում՝ 1 միլիոնից մինչև 3 միլիոն դրամ (նախկինում՝ միայն մինչև 3 մլն դրամ)
- Զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից մինչև 6 միլիոն դրամ (նախկինում՝ միայն մինչև 6 մլն դրամ)։
Նախագծի հեղինակները պարզաբանում են, որ նվազագույն շեմի սահմանումը չի նշանակում, թե ամեն վիրավորանքի կամ զրպարտության համար դատարանն անպայման գումար է նշանակելու։ Դրամական փոխհատուցում կիրառվում է միայն այն դեպքում, երբ հրապարակային ներողությունը, հերքումը կամ դատական ակտի հրապարակումը բավարար չեն։ Սակայն եթե դատարանը որոշի ֆինանսական փոխհատուցում նշանակել, այն չի կարող լինել 1 և 2 միլիոն դրամից պակաս։
Նախագիծը հանրային քննարկման է դրված մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը և դեռևս ընդունված չէ։ Ընդունվելու դեպքում նոր կարգավորումները կգործեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կատարված խախտումների նկատմամբ։