Աշխարհի առաջատար բուհերում (Շանհայի վարկանիշավորման առաջին հինգ տասնյակ) սովորող և ուսումնառությունից հետո Հայաստանում առնվազն 3 տարի գերակա ոլորտներում աշխատող քաղաքացիների համար առաջարկվում է պարտադիր զինծառայության զորակոչի տարիքային վերին շեմը 27-ի փոխարեն սահմանել 32 տարեկան։
Գործող կարգով բարձր որակավորում ունեցող մասնագետները կարող են ազատվել զինծառայությունից, եթե ուսումն ավարտելուց հետո 3 տարի աշխատեն պետության սահմանած գերակա ոլորտներում։ Սակայն մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների դեպքում այդ եռամյա աշխատանքային շրջափուլի ընթացքում նրանց 27 տարին լրանում է, ինչը գործնական խոչընդոտներ է ստեղծում ծրագրից լիարժեք օգտվելու համար։ Նոր նախագծով տարիքային շեմի բարձրացումը կվերաբերի բացառապես այս խմբի քաղաքացիներին և չի տարածվի 18 տարեկան զորակոչիկների վրա։
Կառավարության սահմանած 7 գերակա ոլորտներն են՝
- հանրային կառավարում (գործադիր, օրենսդիր և դատական մարմիններ),
- կրթություն և գիտություն,
- ռազմարդյունաբերություն,
- բարձր տեխնոլոգիաներ,
- արդյունաբերություն (գյուղմթերքի արտադրություն, հանքարդյունաբերություն, էներգետիկա),
- առողջապահություն,
- ֆինանսներ։
Ծրագիրն առաջին անգամ գործարկվել է այս տարի. հոկտեմբերին պայմաններին համապատասխանող 40 քաղաքացուց 21-ն արդեն դիմել է և աշխատանքի անցել տարբեր պետական ու գիտական կառույցներում (Կենտրոնական բանկ, Ֆինանսների և ՆԳ նախարարություններ, գիտական ինստիտուտներ, բուհեր և այլն)։ Ներկայումս ծրագրի պոտենցիալ շահառու է դիտվում արտերկրի թոփ 50 բուհերում սովորող շուրջ 700 ուսանող։