Նոր սահմանափակումներ ու տուգանքներ՝ Երևանի վարորդների համար․ Ավինյանը գտել է խնդիրների «բանալին»

Երևանի քաղաքապետարանը 2024 թվականից սկսել է աշխատանքներ իրականացնել խցանումների խնդրի ուղղությամբ, պարզապես ոչ բոլորն են դա նկատել․ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա անդրադարձել է մայրաքաղաքի խնդիրներին ու դրանց լուծման՝ իրենց «ճանապարհային քարտեզներին», մասնավորապես՝ խցանմանը։

«Տվյալների հավաքագրման նպատակով ստեղծել ենք «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն», որն ավելացնում է տեսախցիկների թիվը։ Կենտրոնը հավաքագրում և վերլուծում է Երևանի երթևեկության հոսքերի վերաբերյալ տվյալները, ապա առաջարկում արդյունքային գործիքներ՝ հասկանալու համար, թե տվյալ հատվածում ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։ Այս պահին կահավորվում են Երևանի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև «Փոքր Կենտրոնը»»,-ասել է Ավինյանը։

Նա պնդել է, որ իրենք մեծ ծավալի աշխատանք են կատարել Երևանի խցանման խնդիրը լուծելու համար։

«Խցանումների դեմ պայքարի շրջանակում փոխարինել ենք հանրային տրանսպորտի շարժակազմը։ Մեր առաջնային խնդիրն ավտոմեքենաների քանակն է։ Ճանապարհային ծանրաբեռնվածությունն ավելանում է մեքենաների թվի աճի պատճառով, ոչ թե շենքերի։  «Կարմիր գծերի» թանկացումն առաջին տարում արդյունք տվեց, որոշակի թվով մեքենաներ այլևս մուտք չէին գործում «Փոքր Կենտրոն»։ Սակայն այդ ազդեցությունը շատ արագ չեզոքացավ, քանի որ ավտոմեքենաների քանակը շարունակեց աճել։ Մեր վարելու մշակույթը շատ վատն է։ ԱՊՊԱ համակարգն էլ սխալ է կառուցված․ վթարի հետևանքով առաջացած իրավիճակներում վարորդները չեն կարող հեռացնել մեքենաները, որպեսզի ԱՊՊԱ-ն փոխհատուցի իրենց 20 հազար դրամը։ Դեռ այդ 20 հազար դրամի համար պարեկային ծառայությունն էլ է դեպքի վայր գնում»,-անդրադառնալով խցանումների պատճառներին՝ ընդգծել է քաղաքապետը։

Ըստ Ավինյանի՝ անհրաժեշտ է քաղաքում ավելացնել ավտոբուսի համար նախատեսված նոր գծեր, որոնք հնարավորություն կտան պակասեցնել խցանումների ծավալը։

«Որպես լուծում՝ ավելացնելու ենք ավտոբուսային գծերը։ Դա քննարկման ենթակա չէ։ Մենք պետք է լուծենք Երևանում շարժունակության խնդիրը, իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել հանրային տրանսպորտի հուսալի աշխատանքը։ Դրան խանգարող միակ հանգամանքն ավտոբուսային գծերի բացակայությունն է։ Հաջորդ տարի այս ուղղությամբ ներդրումներ են լինելու։ Նոր ճանապարհներն ու էստակադաները չեն լուծելու այս խնդիրը»,- ասել է նա։

Ավինյանը խոսել է նաև քաղաքում նոր սահմանափակումների ու տուգանքների մասին՝ շեշտելով, որ դրանք ևս կթեթևացնեն ծանրաբեռմված երթևեկությունը․

«Ներդնելու ենք սահմանափակումներ ավտոմեքենաների որոշակի տեսակների համար։ Եվրամիությունում և աշխարհի տարբեր երկրներում գործում են համապատասխան ստանդարտներ։ Ավտոմեքենաների դասակարգումն իրականացվում է՝ ըստ արտանետումների։ Մեքենաների արտանետումների հետևանքով Երևանում օդում փոշու մակարդակն ավելանալու է։ Մենք առաջարկելու ենք, որ ավտոբուսային գծերին զուգահեռ՝ որոշակի հատվածներում և վարչական շրջաններում երթևեկելու հնարավորություն ունենան միայն Euro 4 ստանդարտին համապատասխանող ավտոմեքենաները։ Մնացած մեքենաների համար սահմանափակումներ կգործեն։ Եթե սահմանափակման տակ գտնվող մեքենան մուտք գործի այդ տարածք, դրա վարորդը կենթարկվի որոշակի ֆինանսական պարտավորության»։

Ավինյանը նաև խոստացավ, որ եկող տարի մետրոյի վագոններն ու ռելսերն ամբողջությամբ կփոխարինվեն։

«Մետրոյում ահռելի ծավալի աշխատանքներ ենք իրականացրել։ Այս ծրագրի հաղթող ընկերությունը հայտնի կդառնա եկող տարի, իսկ աշխատանքներն ավարտելու համար դեռ մեկ-երկու տարի կպահանջվի»,- հավելեց նա։

Սեդա Մակարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *