Որո՞նք են առաջիկա անելիքները հինգ տարում. հաստատվել է կառավարության գործունեության ծրագիրը

Հաստատվել է Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը։

ՀՀ կառավարության նիստում հարցը զեկուցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոխվարչապետն ընդգծել է, որ ծրագիրը սահմանում է Ազգային ժողովի կողմից հաստատված Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը՝ նախանշելով դրա նպատակների իրագործմանն ուղղված հիմնական միջոցառումներ։

Նա հայտնել է, որ ծրագիրը սահմանում է 733 միջոցառում, բարեփոխումների 6 հիմնական ուղղություններով, որոնք են՝ արտաքին քաղաքականություն և անվտանգություն, մարդկային կապիտալ և բարեկեցություն, տնտեսական վերափոխում, քաղաքաշինություն և ենթակառուցվածքներ, ժողովրդավարություն, արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար, հանրային կառավարման արդյունավետություն և թվային վերափոխում։

Մարդկային կապիտալի և բարեկեցության նպատակի ներքո Կառավարությունը հռչակել է կրթությունը որպես ռազմավարությունների ռազմավարություն։ Կրթական, առողջապահական, սոցիալական միջոցառումների արդյունքում Կառավարությունը նպատակադրել է աղքատությունը կրճատել 5 տոկոսային կետով։ Այս ուղղությամբ գերակա ծրագրեր են լինելու 300 դպրոցի, 30 քոլեջի, 100 արտադպրոցական հաստատության, 100 մանկապարտեզի, 100 կոմբինացված խաղահրապարակի՝ ներառյալ լողավազանների կառուցումը վերակառուցումը, հիմնանորոգումը և գույքով ամբողջաքկան հագեցումն ու գործարկումը, Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի, ինչպես նաև 3600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցումը, Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում Հայաստանի ամբողջ բնակչության ներառումը։

Տնտեսական քաղաքականության առանցքում արտադրողականության ու մրցունակության բարձրացումն է լինելու, ինչպես նաև առևտրի բազմազանեցումը, և այս տրամաբանության ներքո Կառավարությունն ապահովելու է տարեկան միջինը 6 տոկոս տնտեսական աճ, 125 հազար նոր աշխատատեղերի ստեղծում, հայաստանյան ծագման ապրանքների արտահանման ծավալի առնվազն կրկնապատկում, արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալների 50 տոկոսի աճ, գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքի ավելացում առնվազն 50 տոկոսով, հացահատիկի արտադրության կրկնապատկում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *