Կենտրոնական բանկի իրականացրած պայմանական սթրես թեստի համաձայն՝ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի 10 տոկոս աճը կարող է առաջացնել 0,6 տոկոս լրացուցիչ գնաճ։ Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին:
Մարտին Գալստյանը պարզաբանել է, որ հաշվարկում ներառված է ոչ միայն գազի և էլեկտրաէներգիայի սակագների ուղղակի փոփոխությունը, այլև էլեկտրաէներգիա սպառող ճյուղերում արտադրանքի ինքնարժեքի թանկացումը։ Այդ տրամաբանությամբ՝ գազի 1 տոկոս թանկացումը բերում է 0,06 տոկոս գնաճային ազդեցության։
«Մենք այդ հաշվարկներն արել ենք, ուղղակի դա սցենար չէ, դա սթրես թեստ է։ Այնտեղ կան, բնականաբար, ոչ գծային գործոններ. այսինքն՝ 10 տոկոսը և 100 տոկոսը կարող են իրարից էապես տարբերվել, ուստի դրանք չի կարելի մեխանիկորեն համեմատել»,- ընդգծել է ԿԲ նախագահը՝ հավելելով, որ գազի թանկացումը դիտարկվում է որպես փոքր հավանականություն, բայց մեծ ազդեցություն ունեցող ռիսկ։
Հայաստանում ռուսական գազի գնի հնարավոր վերանայման շուրջ քննարկումներն ակտիվացել են ԵՄ անդամակցության գործընթացին Ռուսաստանի արձագանքից հետո։ Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը նամակ էր ուղարկել ՀՀ ՏԿԵ նախարարությանը՝ զգուշացնելով, որ եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու ուղին, ռուսական կողմը կարող է միակողմանիորեն կասեցնել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման համաձայնագիրը։ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նոյեմբերի 9-ին հաստատել էր, որ Երևանը պատասխանել է այդ նամակին, սակայն ձեռնպահ էր մնացել մանրամասներ հրապարակելուց: