Հայաստանում կառուցապատման պատկերը՝ երեք եռամսյակի տվյալներով


2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է 583.8 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 24.9 տոկոսով ավելի է։ Շինարարության ծավալով առաջատարը Երևանն է, իսկ աճի տեմպերով առանձնանում են Տավուշի, Արարատի և Կոտայքի մարզերը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ինը ամսում Երևանում իրականացվել է 260 մլրդ դրամի շինարարություն՝ հանրապետության ընդհանուր ծավալի 44.5 տոկոսը։ Կոտայքի մարզին բաժին է ընկել 95.6 մլրդ դրամ կամ ընդհանուրի 16.4 տոկոսը։ Աճի տեմպերով առաջին տեղում Տավուշն է, որտեղ շինարարության ծավալն ավելացել է 73.3 տոկոսով՝ հասնելով 26.7 մլրդ դրամի։ Արարատում աճը կազմել է 53.4 տոկոս, Կոտայքում՝ 48.8 տոկոս, իսկ Վայոց ձորում՝ 40.7 տոկոս։ Սյունիքում, հակառակը, գրանցվել է 7 տոկոս անկում։   

Շինարարության ծավալների ավելի քան կեսը՝ 50.7 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքին։ Հաջորդ խոշոր ուղղություններն են կրթական հաստատությունները (դպրոցներ, մանկապարտեզներ, ուսումնական հաստատություններ)՝ 74.4 մլրդ դրամ, և տրանսպորտն ու պահեստային տնտեսությունը՝ 49.6 մլրդ դրամ։

 

Բնակարանաշինության հիմնական կենտրոնը Երևանն է

Հունվար-սեպտեմբերին Հայաստանում շահագործման է հանձնվել 1 մլն 481 հազար քառակուսի մետր բնակելի շենք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 34 տոկոսով ավելի է։

Դրանց 68.1 տոկոսը բաժին է ընկել Երևանին՝ ավելի քան 1 մլն քառակուսի մետր։ Կոտայքի մարզում շահագործման է հանձնվել 146.1 հազար, Արարատում՝ 128.3 հազար քառակուսի մետր բնակելի շենք։

Աճի տեմպերով առանձնանում են Արագածոտնի և Սյունիքի մարզերը, որտեղ բնակելի շենքերի ընդհանուր մակերեսն ավելացել է համապատասխանաբար 2.7 և 7.4 անգամ։ Սյունիքում, սակայն, շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսը կազմել է ընդամենը 3580 քառակուսի մետր։

 

Ո՞վ է ֆինանսավորում շինարարությունը

Շինարարության հիմնական ֆինանսավորումն ապահովում են կազմակերպություններն ու բնակչությունը։ Կազմակերպությունների միջոցներով իրականացվել է 292.8 մլրդ դրամի շինարարություն կամ ընդհանուրի 50.2 տոկոսը, բնակչության միջոցներով՝ 130.1 մլրդ դրամի կամ 22.3 տոկոսը։

Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 125.2 մլրդ դրամի շինարարություն՝ ընդհանուրի 21.4 տոկոսը, իսկ համայնքների միջոցների մասնաբաժինը կազմել է 5.7 տոկոս։

Այսպիսով, շինարարության ծավալների աճին զուգահեռ Երևանը շարունակում է պահպանել առաջատար դիրքը, հատկապես բնակարանաշինության ոլորտում։ Մարզերում ևս աճ է գրանցվում, սակայն այն տարբեր է ինչպես ծավալներով, այնպես էլ աճի տեմպերով։

Top News

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *