Հինգշաբթի՝ 2026 թվականի նոյեմբերի 19-ին, առավոտյան ժամը 10։30-ին, Վատիկանի Արևելյան եկեղեցիների վերատեսչության ղեկավար, կարդինալ Կլաուդիո Գուջերոտին այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան։
Վանքի մուտքի մոտ կարդինալ Գուջերոտիին դիմավորել են գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը և հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Ալեքյանը։ Այնուհետև երկու պահապանների ուղեկցությամբ կարդինալն այցելել է Սրբոց Հակոբյանց Մայր տաճար և աղոթել մատուռում։ Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը կարդինալին ներկայացրել է Մայր տաճարի պատմական և հոգևոր նշանակությունը։
Այնուհետև կարդինալին ուղեկցել են պատրիարքարան, որտեղ նրան դիմավորել են Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան պատրիարք Մանուկյանը և Սրբոց Հակոբյանց միաբանության անդամները։
Ողջույնի խոսքում պատրիարքը բարի գալուստ է մաղթել կարդինալ Գուջերոտիին՝ անդրադառնալով նաև Սուրբ Երկրի քրիստոնեական համայնքների առջև ծառացած մարտահրավերներին։
Կարդինալ Գուջերոտին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայ եկեղեցու հիմնարար և անփոխարինելի դերակատարությունը Սուրբ Երկրի հոգևոր կյանքում։ Նա Երուսաղեմի Հայոց պատրիարքության ներկայությունը համեմատել է խոր արմատներ ունեցող սերմի հետ՝ կարևորելով Սուրբ քաղաքում հայ առաքելական ավանդույթի կենդանի վկայությունը։
Հանդիպման ավարտին կարդինալ Գուջերոտին պատրիարքին է փոխանցել Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն XIV պապի եղբայրական ողջույնները և նրա կողմից ուղարկված հուշամեդալը։
Իր հերթին պատրիարք Նուրհան Մանուկյանը կարդինալին նվիրել է Երուսաղեմի հայկական խեցեգործության արվեստը ներկայացնող հուշանվեր՝ նռան տեսքով, որը խորհրդանշում է խաղաղությունը, պտղաբերությունն ու բարօրությունը։