Լրագրողների նկատմամբ վիրավորանքների ու սպառնալիքների 8 դեպքից 7-ն իշխանության ներկայացուցիչների կողմից է եղել, սա մտահոգիչ է․ Աշոտ Մելիքյան

2026 թվականի առաջին եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների թիվը բոլոր կատեգորիաներով նվազել է, եթե համեմատենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30-ն է։ Այդ 30 խախտումներից մեկը ֆիզիկական բռնություն է, 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտում, և 22-ը տարատեսակ ճնշումներ են, դրանք կարող են լինել սպառնալիքներ, ֆեյսբուքյան վիրավորանքներ, զրպարտություն և այլն, և այլն։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ վիրավորական արտահայտությունները, սպառնալիքները 8-ն են, և դրանցից 7-ը իշխանության ներկայացուցիչների կողմից է եղել, և այս փաստը, իհարկե, բավականին մտահոգիչ է»,- ասաց նա։

Առաջին եռամսյակի ընթացքում նաև ավելացել է դատական գործերի թիվը, այսինքն՝ լրագրողների և լրատվամիջոցների դեմ նոր դատական հայցերի ինտենսիվ հոսքը պահպանվել է։

«Դատական գործերի քանակն առաջին եռամսյակի ընթացքում 14-ն է։ Այդ ինտենսիվությունը մեծ հաշվով պահպանվում է, և դա մնում է խնդիր։ Եթե մենք այս հայցերին ավելի մասնավոր անդրադառնանք, ապա դրանցից 6-ը պաշտոնյաների կողմից է ներկայացված, 2-ը՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների կողմից, 2-ը՝ լրագրողների, այսինքն՝ այստեղ լրագրողներն ընդդեմ լրագրողների են հայցեր ներկայացրել, 1-ն ընդդիմադիր գործչի կողմից է, և 3-ը քաղաքացիների, ընդ որում՝ այդ 3 քաղաքացիներից երկուսն ընդդիմադիր գործչի հետ փոխկապակցված անձինք են»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Բոլոր դատական գործերը, ըստ նրա, վիրավորանքի և կամ զրպարտության հիմքով են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *