Այսօր Ս. Մարիամ Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնն է:
Զաքարիա Սրբազանը գրել է՝ եկեղեցին Աստվածածնի անձի մեջ, ի շարս այլ առաքինությունների, ընդգծում է ՃՇՄԱՐԻՏ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ գաղափարը: Մի Մայր, որը ոչ միայն ծնում է և սնում իր զավակին, այլև ապրում, տառապում և հոգ է տանում նրա համար:
«Այսօր էլ շատերը զավակներ են ունենում, արժանանում այդ մեծ շնորհին, բայց ինչ-ինչ պատճառներով հոգ չեն տանում, չեն կրթում և դաստիարակում նրանց, շատերն էլ պարզապես անտարբերության են մատնում իրենց զավակներին և լքում նրանց… Արդյո՞ք այս անտարբեր վերաբերմունքի արդյունք չէ այն պարզ իրողությունը, որ շատերը շեղվում են ճշմարիտ ուղուց…
Այս նյութապաշտ ժամանակներում, երբ դարերի բովում թրծված ու ժամանակի քննությունն անցած արժեքները կարծես թե ուզում են մոռացվել կամ համարվել արդեն հնացած, առավել ևս կարևորվում է մոր դերը մեր հասարակական և ընտանեկան կյանքում:
Մեր ազգի նվիրյալ զավակներից Գարեգին Հովսեփյան կաթողիկոսը հրաշալի ձևակերպել է մոր առաքելությունը. ընտանիքը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է: Ուստի, սիրելի՛ ՄԱՅՐԵՐ, ձեզ է վստահված մատաղ սերնդի դաստիարակությունը, սա ավելի կարևոր է, քան ասենք կարիերա անելն ի հաշիվ մայրանալու: Ինչ արժեքներ, որ սերմանեք ձեր զավակների սրտերում ու հոգիներում, դրանց պտուղներն էլ կքաղեք մեկ օր», – գրել է Սրբազանը: