Հայաստանը վաղը պաշտոնապես կհայտարարի TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի մեկնարկի մասին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը էներգետիկ ոլորտն է, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի տարանցումը։ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը նախատեսում է կապակցել իր էլեկտրական ցանցը Թուրքիայի և Ադրբեջանի ցանցերին՝ արդեն իսկ գործող Իրանի և Վրաստանի հետ կապերի ընդլայնմանը զուգահեռ։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ներդրումներ է իրականացնում էներգետիկ փոխանցման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ միաժամանակ զարգացնելով էներգիայի տարբեր աղբյուրներ և նախատեսելով նոր ատոմակայանի կառուցում։
Փաշինյանը TRIPP-ը և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը որակել է որպես կարևոր վերափոխում՝ ընդգծելով, որ խաղաղությանն ուղղված նախագծերն աստիճանաբար իրականություն են դառնում։