Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով ցուցահանդես

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։
     Ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք համադրվել են Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։
     🖼️ Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ՝ Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցությամբ։
     Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը։
     ▪️ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին Հայաստան-Հունաստան մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում․
     «Ցուցահանդեսն ընդգծում է Հայաստանի պատմական դերը՝ որպես հնագույն քաղաքակրթությունների, առևտրային ուղիների և մշակութային փոխազդեցությունների կարևոր խաչմերուկ։ Հայկական ժառանգությունը ներկայացվում է Ակրոպոլիսի թանգարանում՝ մշակութային ժառանգության պահպանման աշխարհի առաջատար կենտրոններից մեկում` որպես երկու հնագույն քաղաքակրթությունների միջև պատմական երկխոսության և մշակութային արժեքների փոխանակման եզակի հարթակ»։
     ▪️Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին ողջունել է առաջին անգամ Հայաստանին նվիրված նման մասշտաբի ցուցահանդեսի կազմակերպումը՝ ընդգծելով, որ ցուցադրության կազմակերպման հարցը քննարկվել է իր՝ 2024 թ․ Հայաստան կատարած այցի, ինչպես նաև 2025 թ. ամռանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Աթենք կատարած այցի ընթացքում։ Նրա ընդգծմամբ՝ այսպիսի գիտական հենք ունեցող ցուցահանդեսները կարևոր են պատմության տարբեր շրջանների լուսաբանման առումով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *