
Սամվել դպիր Գրիգորյանը գրում է. «ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՅՈԹ ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Քահանայական ձեռնադրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, որի միջոցով ձեռնադրվողը, եպիսկոպոսի ձեռնադրությամբ և Սուրբ Հոգու շնորհի ներգործությամբ, կարգվում է քահանայական սրբազան ծառայության։
✝ Քահանայության խորհրդի հիմքը Քրիստոսի կողմից հաստատված առաքելական ծառայությունն է։
Հարությունից հետո Տեր Հիսուս Քրիստոս Իր առաքյալներին ասաց.
«Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում» (📗Հովհ. 20։21)։
✝ Այնուհետև նրանց վրա փչեց և ասաց.
«Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (📗Հովհ. 20։22–23)։
Առաքյալներն իրենց ստացած ծառայությունը շարունակեցին Եկեղեցում՝ ձեռնադրելով և կարգելով նոր սպասավորների։
Պողոս առաքյալը Տիմոթեոսին հիշեցնում է.
«Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծու շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով» (📗Բ Տիմ. 1։6)։
Իսկ Տիտոսին պատվիրում է.
«Հենց սրա համար քեզ թողեցի Կրետեում, որպեսզի պակաս բաները շտկես և յուրաքանչյուր քաղաքում երեցներ կարգես, ինչպես որ պատվիրեցի քեզ» (📗Տիտոս 1։5)։
Այս աստվածաշնչյան վկայությունների վրա է հիմնվում նաև առաքելական հաջորդականության սկզբունքը։ Եկեղեցու եպիսկոպոսները, հաջորդելով առաքյալներին, պահպանում և փոխանցում են նրանցից ավանդված հավատքը, եկեղեցական կարգն ու սրբազան ծառայությունը։
Հայ Առաքելական Եկեղեցում այս հաջորդականությունը սկիզբ է առնում մեր Եկեղեցու հիմնադիր սուրբ առաքյալներից՝ Թադեոսից և Բարդուղիմեոսից։
Ուստի քահանայական ձեռնադրությունը պարզապես պաշտոնի ստանձնում կամ պատվավոր կոչման շնորհում չէ։ Այն սրբազան խորհուրդ է, որի միջոցով ձեռնադրվողը Սուրբ Հոգու շնորհով մասնակից է դառնում Եկեղեցու առաքելական սպասավորությանը։
Քահանան կոչված է քարոզելու Աստծու Խոսքը, մատուցելու Սուրբ Պատարագ, սպասավորելու Եկեղեցու խորհուրդները և հովվելու իրեն վստահված հավատացյալներին։
Սակայն քահանայությունը նաև մեծագույն պատասխանատվություն է։ Պետրոս առաքյալը հորդորում է.
«Արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ. ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին» (📗Ա Պետր. 5։2–3)։
Քահանայական ծառայության մեծությունը ոչ թե մարդկանց վրա իշխելու, այլ Քրիստոսին և Նրա Եկեղեցուն անձնվիրաբար ծառայելու մեջ է։
🙏Թող Տերն Իր առատ շնորհներով զորացնի նորընծա քահանաներին և անսասան պահի նրանց տիրանվեր ու ուխտապահ ծառայության մեջ։ Ամեն:
✝ «Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով» (Եփես. 6։10)»: