Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ. Մանուկյանի ուղերձը տնային կալանքից

Տնարին կալանքում գտնվող Արեգնազ Մանուկյանը ուղերձ է հղել, որում ասված է.

«Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծվել են։ Կեղծվել են ոչ միայն հունիսի 7-ին ու դրանից հետո տեղի ունեցած ապօրինի գործընթացներով, այլ դրանից առաջ։

Ընտրությունների արդյունքները նենգափոխվել են և կատարվել է ժողովրդի քվեի գողություն՝ նախադեպը չունեցող տարբերակով։

Աննախադեպ է նաև այն, որ առաջատար 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները՝ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը (ի դեպ, Թևանյանին ուղիղ տեքստով մեղադրում են ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնելու համար՝ այն գնահատելով որպես պետական դավաճանություն), շինծու մեղադրանքներով կալանավորված են։

Ահա այս պայմաններում օրվա իշխանության պարագլուխն ընդդիմությանն առաջարկում է գործարք, որը ոչ միայն անպարկեշտ է, այլ նաև ոչ լեգիտիմ։

Ինչպես հայտնի է, ՔՊ-ն, խայտառակ կեղծիքներով հանդերձ, չկարողացավ ԱԺ-ի 2/3-ը ստանալ։ Դա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություն իրականացնելու ու առավելևս Ադրբեջանի թելադրանքով մեր Մայր օրենքը փոխելու մանդատ Նիկոլ Փաշինյանը չունի (մեծագույն խաբեություն է, թե իբր նոր սահմանադրությունը խաղաղություն է բերելու)։ Փոխարենը խորհրդարանական ընդդիմությունն ունի հրամայական մանդատ՝ այդ փոփոխությունների մեկնարկին կանաչ լույս չվառելու համար։

Ելնելով այն փաստաթղթից, որը ներկայացվել է մեր հանրությանը որպես նոր սահմանադրություն՝ մենք գործ ունենք Ալիևի հերթական նախապայմանը բավարարելու և Փաշինյանի ներքաղաքական հաշվարկներն ապահովելու ոչ լեգիտիմ գործընթացի հետ։ Սա արտաքին ճնշման և ներքին նվաստացման փաստաթուղթ է, որն անկախ Հայաստանի վերջը կարող է դնել և որը չպետք է հասնի հանրաքվեի։

Հանրաքվեի ցանկացած ելքի պարագայում մենք մեծ ռիսկերի առաջ ենք հայտնվելու․ Ադրբեջանը դա բոլոր դեպքերում շահարկելու և օգտագործելու է ՀՀ-ի դեմ։

Այնպես որ, ճիշտը ոչ թե սահմանադրության թեմայով հանրաքվեի գնալն է, այլ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Ու որպեսզի 2026թ․ հունիսի 7-ինը չդառնա Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունը, պետք է մերժել պարտադրվող սահմանադրությունն ու ձևավորել նոր, ազգային իշխանություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *