Հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքiի ուղղությամբ

Երուսաղեմի հայկական թաղամասում շաբաթ առավոտյան ուլտրաուղղափառ հրեա տղամարդը հատուկ անցել է փողոցի հակառակ մայթից դեպի Սուրբ Հակոբյանց վանք և թքել վանքի ուղղությամբ, ապա շարունակել ճանապարհը։ Տեսախցիկների արձանագրած տեսանյութը հրապարակել է Երուսաղեմի հայազգի լրագրող Գեղամ Բալյանը։

«Երուսաղեմում հակաքրիստոնեական ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները դարձել են ամենօրյա երևույթ։ Եվ այս ամենը՝ լիակատար անպատժելիության պայմաններում»,- X-ում գրել է Բալյանը։

Սուրբ Հակոբյանց վանքը Երուսաղեմի Հայոց պատրիարքության կենտրոնն է և Հայոց պատրիարքի նստավայրը։ Օգոստոսից ի վեր սա վանքի նկատմամբ արձանագրված չորրորդ նման հարձակումն է։

Կրոնական ազատությունների տվյալների կենտրոնի հրապարակած՝ անցյալ ամսվա զեկույցի համաձայն՝ հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ոտնձգությունների 96 դեպք՝ ընդհանուր 106 առանձին գործողությամբ։ Երուսաղեմի Հին քաղաքի տարածքում գրանցված 77 միջադեպերից 45-ը տեղի են ունեցել Հայոց պատրիարքարանի փողոցում։ Արձանագրված 106 գործողություններից 77-ը թքելու դեպքեր են եղել։

«Հայ համայնքը հատկապես ծանր է տուժում։ Ցավոք, համայնքի խնդիրները մինչ օրս չեն արժանացել հատուկ ուշադրության, և նրա նկատմամբ իրականացվող ոտնձգություններին վերջ տալու համար որևէ կոնկրետ արձագանք կամ գործողությունների ծրագիր չի մշակվել»,- նշված է զեկույցում։

Հոկտեմբերի 27-ին՝ Իսրայելի համապետական ընտրությունների օրը, գիշերը, մեկ այլ հրեա տղամարդ թքել էր վանքի մուտքի մոտ և հայհոյել իրեն նկատողություն արած հայ պահակին։

Յոմ Քիփուրի՝ հրեական Քավության օրվա ընթացքում, Երուսաղեմի Մամիլա թաղամասում 22-ամյա իսրայելցին պղպեղային սփրեյ էր ցողել 9-ամյա հայ քրիստոնյա տղայի դեմքին։

Սեպտեմբերի 26-ին մեկ այլ տղամարդ տեսախցիկների առաջ փորձել էր միզել վանքի պատի մոտ, սակայն պահակը կանխել էր նրա գործողությունը։

Ոստիկանությունը սկզբում կարճել էր գործը, սակայն իսրայելական Channel 13 հեռուստաալիքի կողմից միջադեպի մասին ռեպորտաժ հեռարձակվելուց հետո վերսկսել էր քննությունը և ձերբակալել կասկածյալին։ Վերջինս ազատ էր արձակվել՝ չորս օր տնային կալանքի պայմանով։

Օգոստոսի 2-ին վեց իսրայելցիներ, որոնցից հինգը՝ անչափահաս, թքել էին վանքի մուտքի ուղղությամբ և քարեր նետել վանքի տարածքի, ինչպես նաև միջադեպը նկարահանող հայ կնոջ պատուհանի ուղղությամբ։ Այդ միջադեպի առնչությամբ ձերբակալվել էր տասը մարդ։

Երուսաղեմի հայկական համայնքը քաղաքում բնակվում է շուրջ 1700 տարի։ Այսօր համայնքի անդամների թիվը մոտ 2000 է, ինչը զգալիորեն նվազել է 1948 թվականից ի վեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *