Մեր մոլորակն անհավանական թվով կենդանիների տունն է, որոնց թվում քիչ չեն նաև կատաղի գիշատիչները՝ թունավոր օձերից մինչև աննկատ դարանակալող մեծ սպիտակ շնաձկները։ Բայց ո՞ր արարածները կարող են ամենասարսափելի մահվան պատճառ դառնալ։ Գիտնականներն ունեն պատասխանը, գրել է Daily Mail-ը։
Այն բանից հետո, երբ Կամերուն լեռան լանջին փիղը ոտնատակ տալով սպանեց շվեյցարացի զբոսաշրջիկին, «Մահացու վտանգավոր կենդանիների գիրքը» աշխատության հեղինակ Գորդոն Գրայսը պատմեց այն կենդանիների մասին, որոնցից գուցե չէինք սպասի նման մեծ վտանգ։
Փորձագետի խոսքով՝ բացի փղերից, մարդուն ամենաարագը սպանել կարողացող կենդանիների թվում են առյուծները, գետաձիերն ու կոկորդիլոսները, փոխանցել է «Фокус»-ը։ Այս ցանկում են նաև բորենիները. արտաքուստ նրանք շների են նման, բայց ունեն անհավանական հզոր ծնոտներ, որոնք կարող են բառացիորեն փշրել ոսկորները։
Ահա աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից մի քանիսը, որոնք կարող են տանջալից կերպով սպանել մարդուն.
առյուծներ — որպես կանոն՝ նրանք մարդկանց սպանում են կծելով՝ թիրախավորելով գլուխը կամ կոկորդը։ Նման հարձակումից հետո հնարավոր է ողջ մնալ, սակայն անհապաղ բժշկական օգնություն չստանալու դեպքում ծանր վարակի զարգացման վտանգը մեծ է,
ընձառյուծներ — առյուծներից փոքր են, բայց ոչ պակաս վտանգավոր։ Այս գիշատիչները սպանում են նույն կերպ, ինչ առյուծները, սակայն մահը վրա է հասնում զգալիորեն ավելի արագ,
գետաձիեր — կարող են զարգացնել մոտ 29 կմ/ժ արագություն, նրանց հսկայական ատամների երկարությունը կարող է հասնել 60 սանտիմետրի։ Այս կենդանիները խիստ զգայուն են իրենց անձնական տարածքի նկատմամբ, ուստի կարող են հարձակվել, եթե մարդը հայտնվի իրենց ճանապարհին։ Գետաձիու կծելն անհավանական վտանգավոր է, քանի որ այս կենդանիները կարող են մարդուն բառացիորեն երկու կես անել կծելով,
կոկորդիլոսներ — այս հնագույն արարածները կարող են ջրից ուղղահայաց դուրս ցատկել՝ մինչև 9 մետր հեռավորության վրա կտրուկ նետվելով, որպեսզի զոհին բռնեն 66 սուր ատամներով զինված ծնոտներով։ Քանի որ կոկորդիլոսները չեն կարողանում ծամել, նրանք պտտեցնում ու թափահարում են իրենց զոհին՝ հաճախ պոկելով վերջույթները,
բորենիներ — կարող են աշխարհի ամենատանջալից մահերից մեկի պատճառը դառնալ, քանի որ այս կենդանիների հարձակումը զոհին անտանելի տառապանք է պատճառում։ Հայտնի է, որ բորենիները կարող են կծելով պոկել դեմքի մի մասը կամ մարմնի մեկ այլ զգայուն հատված և հենց տեղում սկսել հոշոտել մարդուն,
փղեր — այս կենդանիները կարող են մահ պատճառել ամենասարսափելի ձևերով։ Նախ՝ նրանք ունեն ժանիքներ, որոնցով կարող են խոցել մարդուն, իսկ կնճիթներով՝ հարվածներ հասցնել։ Բացի այդ, փղերը կարող են պարզապես ոտնատակ տալ իրենց զոհին,
ռնգեղջյուրներ — նախընտրում են խուսափել բախումներից, բայց երբեմն նույնպես հարձակվում են մարդկանց վրա, եթե վերջիններս մոտենում են իրենց ձագերին։ Եթե ռնգեղջյուրը հարձակման է անցնում, նրանից փրկվելը չափազանց դժվար է. նա կարող է զարգացնել մինչև 48 կմ/ժ արագություն՝ հաճախ միաժամանակ սուր մռնչյուն արձակելով,
շնագայլեր — ընդհանուր առմամբ մեծ վտանգ չեն ներկայացնում, բայց կարող են հարձակվել մարդկանց, հատկապես երեխաների վրա։ Որպես կանոն՝ շնագայլերը գործում են համատեղ. յուրաքանչյուր առանձնյակ բռնում է զոհի մարմնի որևէ մասից, ապա կենդանիները որսին քաշում են տարբեր կողմեր,
գոմեշներ — համարվում են աշխարհի ամենավտանգավոր կենդանիներից մեկը։ Չնայած ավելի քան 600 կիլոգրամ քաշին՝ այս կենդանիները կարող են զարգացնել ավելի քան 48 կմ/ժ արագություն, իսկ նրանց եղջյուրները կարող են տանջալից մահվան գործիք դառնալ։