Եվրոպական քաղաքները զբաղեցրել են բոլոր տեղերը 2027 թվականի ճանապարհորդությունների համար ամենախաղաղ և անաղմուկ ուղղությունների նոր վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում։ Ինչպես հայտնում է Euronews-ը՝ վկայակոչելով Avanti Travel Insurance ապահովագրական ընկերության հետազոտությունը, ցանկը գլխավորում է իտալական Վենետիկը, երկրորդ տեղում Լիսաբոնն է, իսկ եռյակը եզրափակում է Ամստերդամը։
Հետազոտողները վերլուծել են Euromonitor International-ի կազմած՝ աշխարհի 100 ամենահայտնի զբոսաշրջային քաղաքների ցանկը՝ գնահատելով քաղաքի կենտրոնից 2 կմ շառավղով տարածքը։ Հիմնական չափանիշներն են եղել բանուկ ավտոմայրուղիների նվազագույն երկարությունը, հետիոտնային փողոցների առատությունը, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները՝ լռության ժամերի, գիշերային ավիաչվերթների սահմանափակումների և կիրակնօրյա առևտրի կանոնների վերաբերյալ։
Առաջատար եռյակի առանձնահատկությունները
- Վենետիկ (Իտալիա). Կենտրոնից 2 կմ շառավղով այստեղ կա ընդամենը մոտ 2 կմ բանուկ ավտոճանապարհ, մինչդեռ մեքենաների համար փակ փողոցների երկարությունը գերազանցում է 170 կմ-ը։ Խաղաղ ջրանցքներն ու պատմական նրբանցքները թույլ են տալիս վայելել քաղաքն առանց տրանսպորտային աղմուկի։
- Լիսաբոն (Պորտուգալիա). Պորտուգալիայի մայրաքաղաքն առանձնանում է բանուկ ճանապարհների ամենացածր խտությամբ, ինչպես նաև օդանավակայանում գործող գիշերային չվերթների սահմանափակումներով։ Քաղաքն առաջարկում է բազմաթիվ կանաչ գոտիներ, այդ թվում՝ հայտնի Գյուլբենկյանի այգիները։
- Ամստերդամ (Նիդեռլանդներ). Այստեղ կա ավելի քան 30 կմ հետիոտնային գոտի և ջրանցքների երկայնքով ձգվող հանգիստ երթուղիներ, որոնք թույլ են տալիս առանց շտապողականության ուսումնասիրել քաղաքը։
Աշխարհի 10 ամենախաղաղ զբոսաշրջային քաղաքները՝ ըստ Avanti-ի.
-
Վենետիկ (Իտալիա)
-
Լիսաբոն (Պորտուգալիա)
-
Ամստերդամ (Նիդեռլանդներ)
-
Բարսելոնա (Իսպանիա)
-
Բրյուսել (Բելգիա)
-
Աթենք (Հունաստան)
-
Ցյուրիխ (Շվեյցարիա)
-
Միլան (Իտալիա)
-
Ֆլորենցիա (Իտալիա)
-
Ստոկհոլմ (Շվեդիա)
Թեև վարկանիշային տասնյակում ընդգրկվել են միայն եվրոպական քաղաքներ, ճանապարհորդական փորձագետ Սառա Ռոդրիգեսը առանձնացրել է նաև այլ մայրցամաքների իր սիրելի խաղաղ ուղղությունները՝ Հոյանը (Վիետնամ), Լամու կղզին (Քենիա), Նյու Մեքսիկոն (ԱՄՆ), Պարատին (Բրազիլիա) և Նելսոնը (Նոր Զելանդիա)։