ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորությունը։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հպարտ է նախագծի մեկնարկով և շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խիզախ առաջնորդության և խաղաղության ուղին ընտրելու համար։
«Հատուկ ողջույն Հայաստանում բոլորին՝ այս աներևակայելի ուրախալի առիթով, երբ պաշտոնապես մեկնարկում եք «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Ես շատ հպարտ եմ դրանով։ Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը»,- ասված է ուղերձում։