ՀՀ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը գրում է.
Հայաստանի Սահմանադրությունը պետք է գրեր և փոխեր հայ ժողովուրդը, ոչ թե Ալիևը կամ փոխվեր իր ուղիղ պահանջով, հրահանգով, հորդորով կամ նույնիսկ խնդրանքով: Երբվանի՞ց մենք մեր ապագայի հանդեպ այնքան անտարբեր դարձանք, որ այս հարցը սկսեց քննարկվել: Մենք նույնիսկ դրան չպետք է հասնեինք: Հայաստանի Սահմանադրությունը պատկանում է Հայաստանի ժողովրդին։ Այն չի կարող դառնալ հարևան պետության ղեկավարի պահանջների կատարման փաստաթուղթ։ Իսկ ինչպե՞ս են մշակվում ու փոխվում սահմանադրությունները։ Օրինակ Իսլանդիայում 2011 թվականին սահմանադրական նախագիծը մշակվել է քաղաքացիներից կազմված խորհրդի կողմից՝ հանրային քննարկումների և առցանց առաջարկությունների հիման վրա։ Թեև խորհրդարանը հետագայում այն չընդունեց, գործընթացը մնաց ժողովրդական մասնակցության կարևոր օրինակ։ Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1996 թվականի Սահմանադրության մշակման ընթացքում ստացվեց շուրջ 1,7 միլիոն առաջարկություն, և քաղաքացիների ձայնը դարձավ սահմանադրական գործընթացի կարևոր մասը։ Այս և այլ բոլոր երկրներում Սահմանադրության բովանդակությունը ձևավորելու հարցում առանցքային էր սեփական ժողովրդի մասնակցությունը, ոչ թե մեկ այլ կամ հարևան պետության պահանջները։ Հայաստանում, սակայն, մեզ փորձում են հակառակ տրամաբանությունը պարտադրել, որը մեր ինքնիշխանությանը դեմ է։ Մենք սկզբունքորեն դեմ ենք, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի Ալիևի պահանջով։ Եթե Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կա, այն պետք է բխի Հայաստանի պետական և ազգային շահերից, հասունանա երկրի ներսում՝ բաց հանրային քննարկումների և քաղաքական ուժերի իրական երկխոսության արդյունքում, ինչպես լինում ու եղել է բոլոր նորմալ երկրներում։ Իսկ վերջնական որոշումը պետք է կայացնի իհարկե ժողովուրդը՝ սահմանադրական ընթացակարգով։