Սոցիալական փաթեթը դադարեցվում է․ ի՞նչ է փոխվելու շահառուների համար 2027 թվականից


2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է դադարեցնել 2012 թվականից գործող սոցիալական փաթեթի ծրագիրը։ Կառավարության հավանությանն արժանացած նախագծով առաջարկվում է դադարեցնել շահառուներին տարեկան մինչև 72 հազար դրամի հատկացումը։ Միաժամանակ, նրանց բանկային հաշիվներում կուտակված շուրջ 13.1 մլրդ դրամը հնարավոր կլինի հետագայում տնօրինել առանց նախկին սահմանափակումների։

Սոցիալական փաթեթը ներդրվել է 2012 թվականին՝ պետական համակարգում աշխատանքի գրավչությունը բարձրացնելու և աշխատակիցներին լրացուցիչ սոցիալական երաշխիքներ տրամադրելու նպատակով։ Ծրագրի շրջանակում շահառուներին ամսական հատկացվում էր առավելագույնը 6 հազար դրամ, տարեկան՝ 72 հազար դրամ։ Գումարը փոխանցվում էր հատուկ բանկային հաշվին և կարող էր օգտագործվել սահմանված ուղղություններով։

Սոցիալական փաթեթի շահառուների թվում են հանրային ծառայողները, դպրոցների, գրադարանների, թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև Մատենադարանի, Երևանի մետրոպոլիտենի, Հայկական ատոմակայանի և պետական մի շարք այլ կազմակերպությունների աշխատողները։ Ծրագրից օգտվելու իրավունք ունեն նաև ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական պատվավոր կոչում ունեցող անձինք։ 

Ինչո՞ւ է դադարեցվում ծրագիրը

Կառավարության ներկայացմամբ՝ սոցիալական փաթեթի ներդրման ժամանակ պետական համակարգում աշխատավարձերը համեմատաբար ցածր էին, և լրացուցիչ հատկացումը պետք է նպաստեր ոլորտում աշխատելու գրավչության բարձրացմանը։ Սակայն վերջին տարիներին պետական համակարգում ներդրվել են աշխատավարձերի բարձրացման, ատեստավորման և կատարողականի գնահատման հիմքով լրացուցիչ վարձատրության մեխանիզմներ։

Ծրագրի դադարեցման հիմնավորումներից է նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը։ Կառավարության գնահատմամբ՝ սոցիալական փաթեթով տրամադրվող որոշ երաշխիքներ այժմ ապահովվում են այլ մեխանիզմներով։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ներառել նաև մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին։

Ի՞նչ է լինելու կուտակված գումարների հետ

Սոցիալական փաթեթի շահառուների բանկային հաշիվներում 2026 թվականի հուլիսի դրությամբ կուտակված է եղել շուրջ 13.1 մլրդ դրամ։ Այդ գումարները պատկանում են շահառուներին և չեն վերադարձվելու պետական բյուջե։

Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացմամբ՝ 2027 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը կուտակված գումարները հնարավոր կլինի օգտագործել նախկինում սահմանված ուղղություններով։ Հուլիսի 1-ից հետոշահառուներըկկարողանանդրանքտնօրինելսեփականհայեցողությամբ։

Այսպիսով, ծրագրի դադարեցումը չի նշանակում, որ քաղաքացիները կկորցնեն իրենց հաշիվներում արդեն կուտակված գումարները։

Որքա՞ն գումար է հատկացվել սոցիալական փաթեթի ծրագրին

Նախագծի հիմնավորման համաձայն՝ սոցիալական փաթեթի ֆինանսավորման համար պետական բյուջեով վերջին տարիներին նախատեսվել են հետևյալ գումարները.

  • 2023 թվականին՝ 10.6 մլրդդրամ,
  • 2024 թվականին՝ 10.6 մլրդդրամ,
  • 2025 թվականին՝ 11.7 մլրդդրամ,
  • 2026 թվականին՝ 9.6 մլրդդրամ։

Ծրագրի դադարեցման արդյունքում 2027 թվականից պետական բյուջեում տարեկան շուրջ 9.6-11.7 մլրդ դրամ կազատվի։ Կառավարության ներկայացմամբ՝ այդ միջոցներն ուղղվելու են պետական բյուջեի ընդհանուր ֆինանսավորմանը։

Սոցիալական փաթեթի դադարեցման նախագիծը նոյեմբերի 19-ին հավանության է արժանացել կառավարության նիստում և առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ Հետևաբար, ծրագրի դադարեցման վերջնական իրավական կարգավորումները կախված են օրենսդրական փաթեթի ընդունումից։

Top news


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *