Աշնանն ու ձմռանը սուր շնչառական վարակների տարածման վտանգը մեծանում է։ Դրան նպաստում են փակ տարածքներում հաճախակի և երկարատև շփումները, անբավարար օդափոխությունը և շնչառական վարակների սեզոնային ակտիվությունը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից նշում են, որ սուր շնչառական վարակները կարող են հարուցվել տարբեր վիրուսներով, այդ թվում՝ գրիպի վիրուսներով, ռինովիրուսներով և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով (RSV)։
Թեև վարակների մեծ մասը կարող է թեթև ընթացք ունենալ, որոշ դեպքերում առաջանում են բարդություններ, հատկապես փոքր երեխաների, տարեցների, հղիների և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։
Ինչպե՞ս նվազեցնել վարակվելու հավանականությունը։
Հետևե՛ք ձեռքերի հիգիենային։ Հաճախ լվացե՛ք ձեռքերը ջրով և օճառով՝ առնվազն 20 վայրկյան։
Պարբերաբար օդափոխե՛ք փակ տարածքները։ Մաքուր օդի ներհոսքն օգնում է նվազեցնել օդում շնչառական վիրուսների կուտակումը։
Խուսափե՛ք շնչառական վարակի ախտանշաններ ունեցող անձանց հետ սերտ շփումից։ Հնարավորության դեպքում հեռավորություն պահպանե՛ք և խուսափե՛ք մարդաշատ, վատ օդափոխվող տարածքներում երկար մնալուց։
Պահպանե՛ք հազի և փռշտալու հիգիենան։ Հազալիս կամ փռշտալիս բերանն ու քիթը ծածկե՛ք անձեռոցիկով կամ արմունկի ծալքով։ Օգտագործված անձեռոցիկն անմիջապես նետե՛ք աղբամանը, ապա լվացե՛ք կամ ախտահանե՛ք ձեռքերը։
Անհրաժեշտության դեպքում կրե՛ք դիմակ։ Մարդաշատ և վատ օդափոխվող փակ տարածքներում, հատկապես շնչառական վարակների սեզոնին, ճիշտ ընտրված և դեմքին լավ հարմարեցված դիմակը կարող է նվազեցնել վարակվելու և վարակը փոխանցելու վտանգը։
«Պատվաստվե՛ք գրիպի դեմ։ Գրիպի դեմ ամենամյա պատվաստումը գրիպի և դրա ծանր բարդությունների կանխարգելման կարևոր միջոցներից է։
Հիշե՛ք՝ կանխարգելումը սկսվում է ամենօրյա պարզ գործողություններից։
Պաշտպանե՛ք ձեզ և ձեր շրջապատին․ ժամանակին կանխարգելումն առողջությունը պահպանելու լավագույն քայլերից մեկն է»,- նշում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։