Փակված բերաններ, կոտրված վստահություն․ հոգեբանը՝ Տափերականի դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին

Տափերականի դպրոցում առաջին դասարանցիների բերանները կպչուն ժապավենով փակելու միջադեպը, նույնիսկ եթե ուսուցչուհու պնդմամբ խաղ է եղել, կարող է երեխաների մոտ հոգեբանական խնդիրներ առաջացնել։

Երեխաների հոգեբան Անի Ապիտոնյանի խոսքով՝ հատկապես մտահոգիչ է ոչ միայն երեխաների բերանը փակելու հանգամանքը, այլև ծնողներին կատարվածի մասին չպատմելու հնարավոր արգելքը։ ABC Media-ի հետ զրույցում հոգեբանը նշեց՝ խաղը պետք է երեխայի համար հասկանալի նպատակ ունենա, իսկ սեփական կամքով լռելու խաղը սկզբունքորեն տարբեր է այն իրավիճակից, երբ մեծահասակն արգելում է երեխային արտահայտվել։

«Մենք փոքր տարիքում լռության խաղեր էինք խաղում, երբ ինքներս էինք որոշում լռել, բայց ոչ ոք այդպես չէր փակում մեր բերանը, որպեսզի չկարողանանք արտահայտվել»,- նշեց Ապիտոնյանը՝ ընդգծելով, որ բերանը կպչուն ժապավենով փակելն անվտանգ խաղ չէ։

Նրա գնահատմամբ՝ նման վերաբերմունքը կարող է երեխաների մոտ վախ և անվստահություն առաջացնել ուսուցիչների ու ընդհանրապես մեծահասակների նկատմամբ։ Իսկ եթե երեխաներին իսկապես արգելվել է ծնողներին պատմել կատարվածի մասին կամ սպառնացել են դրա համար, իրավիճակն առավել մտահոգիչ է։

«Եթե մեծահասակը երեխային արգելում է ծնողներին պատմել իր հետ կատարվածի մասին, նա փաստորեն երեխային չի սովորեցնում պաշտպանել ինքն իրեն։ Հակառակը՝ երեխան հայտնվում է խոցելի վիճակում և դառնում է թիրախ, քանի որ զրկվում է օգնության դիմելու հնարավորությունից»,- ասաց հոգեբանը։

Ապիտոնյանի խոսքով՝ նման փորձը կարող է հետագայում ազդել երեխայի վարքի վրա․ նույնիսկ ավելի բարդ իրավիճակներում նա կարող է վախենալ ծնողին պատմել իր հետ կատարվածի մասին՝ հիշելով նախկին արգելքը։ Երեխայի մոտ կարող է նաև վախ ձևավորվել մեծահասակների նկատմամբ՝ սպասելով, որ իրեն կպատժեն՝ առանց հասկանալու պատճառը։ Բացի այդ, երեխան կարող է նման վարքագիծը կրկնել հասակակիցների հետ։ Հոգեբանը կարևորում է նաև ծնողների արձագանքը։ Նրա խոսքով՝ երեխան պետք է վստահ լինի, որ եթե որևէ մեկը նրան արգելում է պատմել իր հետ կատարվածի մասին, ինքը պետք է առաջին հերթին դիմի ծնողին։

Միևնույն ժամանակ, ծնողները պետք է խուսափեն երեխային մեղադրելուց, քննադատելուց կամ անմիջապես բարկանալուց։ Կարևոր է լսել նրան մինչև վերջ, հասկանալ՝ ինչ է զգում, և վստահեցնել, որ ծնողը նրա կողքին է ու կպաշտպանի իրեն։

«Շատ կարևոր է, որ երեխան հասկանա՝ ինքը վախեր ունի, միգուցե նաև ծնողի արձագանքից, բայց վստահ լինի, որ ծնողն իրեն կհասկանա և կաջակցի, իր կողքին կլինի, կլսի մինչև վերջ և կպաշտպանի իրեն»,- ընդգծեց Ապիտոնյանը։

Հոգեբանի խոսքով՝ նույնիսկ եթե ծնողը սկզբում բարկացել է, կարևոր է երեխային բացատրել, որ բարկությունը պայմանավորված է եղել տեղի ունեցածով, ոչ թե երեխայի նկատմամբ վերաբերմունքով։ Այդպես երեխան կհասկանա, որ ծնողը շարունակում է իր պաշտպանն ու վստահելի անձը մնալ։

Նանե Հայրապետյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *