Ռոսստատի արտահոսած տվյալներում տեղեկություններ են գտել պատերազմում գրեթե 500 հազար ռուսաստանցու զոհվելու մասին

2026 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է առնվազն 490 հազար ռուս զինծառայող։ Նման տվյալներ են պարունակվում Ռոսստատի փաստաթղթերում, որոնք ձեռք են բերվել հաքերային հարձակման հետևանքով։ Հաշվի առնելով մահերի գրանցման ուշացումները՝ զոհերի իրական թիվը կարող է գերազանցել 720 հազարը, ասվում է «Մեդուզայի» և «Մեդիազոնայի» համատեղ հետազոտության մեջ։

Տվյալների երկու զանգվածների մշակումից հետո լրագրողները ստացել են մահվան մասին շուրջ 11,66 մլն եզակի գրառում՝ 2021 թվականի սկզբից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի համար։ Ուկրաինայի դեմ մարտերում զոհվածներին հարկ է եղել առանձնացնել տարբեր հատկանիշների հիման վրա, այդ թվում՝ մահվան պատճառի և վայրի, զինվորական ծառայության մասին տեղեկությունների և այլնի։

Տվյալների իսկությունը ստուգվել է ժառանգական գործերի ռեեստրի, դատական որոշումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից այլ արտահոսքերի և Ռոսստատի՝ նախկինում հրապարակված վիճակագրության միջոցով։ Մասնավորապես, հետազոտողները գտել են այն անվանական ցուցակում ընդգրկված զոհերի 95,1%-ի վերաբերյալ գրառումները, որը «Մեդիազոնան» վարում է «Բի-Բի-Սիի ռուսական ծառայության» հետ համատեղ։ Գրեթե բոլոր զոհվածները տղամարդիկ են։

Վերլուծություն են իրականացրել նաև այլ անկախ լրատվամիջոցներ։ The Insider-ը հաշվել է առնվազն 472 հազար զոհ։ Հաշվի առնելով գրանցման ուշացումները՝ սեպտեմբերի վերջին այդ թիվը կարող էր հասնել 485 հազար զինծառայողի։ Պարբերականը պարզել է նաև նրանցից ավելի քան 370 հազարի անունները։ «Նովայա գազետա Եվրոպայի» գնահատմամբ՝ Ուկրաինայում զոհվել է 18-ից 64 տարեկան 490 հազար ռուս զինծառայող։

«Վաժնիե իստորիին» արտահոսած տվյալներում հայտնաբերել է ռուս զինծառայողների մահվան մասին ավելի քան 499 հազար գրառում՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածի համար։ Հետազոտողները պարզել են, որ 2022 թվականին Ռուսաստանը օրական կորցրել է միջինում շուրջ 60 զինվորի, 2023-ին՝ 150-ի, 2024-ին՝ ավելի քան 400-ի։ Իսկ 2025 թվականին ցուցանիշը հասել է 584-ի։ Եթե զոհերի ընդհանուր թիվը բաժանենք տվյալների բազայում ընդգրկված 1678 օրերի վրա, կստացվի, որ Ուկրաինայում միջինում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մեկ ռուս զինծառայող է զոհվում։

Բնակչության թվաքանակի համեմատ՝ պատերազմից ամենաշատը տուժել են Հեռավոր Արևելքի և Սիբիրի շրջանները։ Հրեական ինքնավար մարզում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում գրեթե հազար զոհ, Անդրբայկալյան երկրամասում՝ շուրջ 800, Չուկոտկայում՝ 760, Տուվայում՝ 650։ Համեմատության համար՝ Մոսկվայում ցուցանիշը կազմել է 63 զոհ՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով։

Զոհված ռուս զինվորների տարիքի մեդիանան 2022 թվականի 33 տարեկանից 2026 թվականին հասել է 40-ի։ Պատերազմը խլել է 18–19 տարեկան ավելի քան 7 հազար մարդու կյանք, նրանց մոտ կեսինը՝ 2025 թվականին։ Տասնվեց հոգի զոհվել է չափահաս դառնալուց հետո առաջին ամսվա ընթացքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *