Պենտագոնում ո՞վ է ձգձգում Ուկրաինային տրամադրվելիք Patriot հրթիռների մատակարարումը

Պենտագոնը հետաձգում է Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների փոխանցումը, այդ թվում՝ եվրոպական զինանոցից։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Կիևի արևմտյան դաշնակիցների գնած ամերիկյան արտադրության PAC-3 և PAC-2 հրթիռների մատակարարումը ձգձգվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի պատճառով։

Քանի որ Patriot-ի համար նախատեսված հրթիռներն արտադրվում են ԱՄՆ-ում, տեղական իշխանությունը պետք է հաստատի արտահանման և վերաարտահանման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները։ Դա վերաբերում է նաև եվրոպական զինանոցի հրթիռների փոխանցմանը։

Պարբերականի տեղեկություններով՝ նախատեսվում էր ութ PAC-3 հրթիռ մատակարարել սեպտեմբերին, տասը՝ հոկտեմբերին, ևս տասը՝ նոյեմբերին և 12-ը՝ դեկտեմբերին։ Ընդ որում, այդ խմբաքանակներից ոչ մեկը մինչև օրս մատակարարման թույլտվություն չի ստացել։

Օգոստոսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինային կբավականացներ Patriot հրթիռների ամերիկյան պաշարների 5 %-ը՝ ձմեռը հաղթահարելու համար։ Նրա խոսքով՝ 2026-ին Կիևին տրամադրվելիք հրթիռների քանակը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 2․5 անգամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *