Աննա Հակոբյանը զբաղված է խցանումներով ու սուլելու կոչեր անելով, «Ընտանեկան բռնության» օրինագծի ակտուալությունը կորել է․ Էդգար Ղազարյան

Տիկին Բաթոյան չե՞ք կարծում, որ էս օրենքի նախագծի ընդունման ակտուալությունն արդեն վերացել է առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում․ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստին, ինչի ժամանակ քննարկվում էր «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, օրինագծի համահեղինակ Զարուհի Բաթոյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նա նշեց, որ իր ընկալմամբ՝ հարցի իրական հեղինակը ոչ թե Բաթոյանն է, այլ Աննա Հակոբյանը։

«Օրենսդրությունը մեզ թույլ տալիս է, որ քաղաքացիները ևս հանդես գան օրենսդրական նախաձեռնությամբ, բայց դրա համար պետք է ոչ մեկ քաղաքացի, այլ 50 հազար։ Դուք նրա նախաձեռնությունը վերցրել ու դարձրել եք նախագիծ։ Բայց, կարծում եմ, այս նախագծի արդիականությունը կորել է, որովհետև հետաքրքրությունն էլ է կորել․ հիմա Աննա Հակոբյանը զբաղված է Երևանի տրանսպորտի կազմակերպման հարցերով, կին վարորդներին սուլիչով ազադարարելու կոչեր անելով։ Եթե նախորդ քննարկման ժամանակ հազարավոր քաղաքացիներ իրեն նամակներ էին գրում ընտանեկան բռնության թեմաներով, հիմա, երևի, այդ նույն հազարավոր քաղաքացիները նամակներ են գրում խցանումների վերաբերյալ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Շարունակելով հարցը՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչն ավելացրեց, թե չե՞ն կարծում, որ նախագիծն արժի առհասարակ հանել շրջանառությունից։

«Այն իրավակարգավորում չունի, ավելին՝ փորձագետներն էլ ասում են, որ գործող օրենսդրության մեջ արդեն իսկ կան դրույթներ ընդդեմ բռնության արատավոր երևույթների»,- շեշտեց Ղազարյանը։

ՔՊ-ական պատգամավորի պատասխանը խիստ լակոնիկ էր՝ ոչ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *