ԱՄՆ-ն քննարկում է սիրիացի զինվորականներին ականազերծման և պայթուցիկ զինամթերքի անվտանգ վնասազերծման ուսուցում տրամադրելու ծրագիրը. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Եթե ծրագիրն իրականացվի, այն կդառնա ԱՄՆ-ի առաջին ուսումնական առաքելությունը Սիրիայի զինված ուժերի հետ՝ 2024 թվականին Դամասկոսում իշխանության գալուց հետո։ Իշխանության եկած նախկին ապստամբական խմբավորումների ներկայացուցիչները ներկայումս կազմում են երկրի նոր ռազմական համակարգի հիմքը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ բազմազգ ուսումնական առաքելության առաջարկը դեռևս բախվում է իրավական խոչընդոտների ԱՄՆ-ում, ինչպես նաև Սիրիայի զինված ուժերի որոշ ներկայացուցիչների թերահավատությանը։
Այնուամենայնիվ, ծրագրի իրականացման դեպքում ԱՄՆ-ն կարող է արդեն հաջորդ տարի սահմանափակ թվով զինվորականներ վերադարձնել Սիրիա։ Դա տեղի կունենա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով իրականացվող շուրջ տասը տարվա առաքելության ավարտից և ամերիկյան զորքերի դուրսբերումից ընդամենը մեկ տարի անց։
Ծրագրի սկզբնական փուլում հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի ականազերծման և պայթուցիկ զինամթերքի անվտանգ վնասազերծման ուսուցման վրա։ Հաջողության դեպքում այն կարող է հիմք դառնալ ավելի լայն ռազմական համագործակցության համար։
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, կապիտան Թիմ Հոքինսը հայտնել է, որ կենտրոնը շարունակում է աշխատանքը՝ ի նպաստ կայուն, միասնական և խաղաղ Սիրիայի։ Նրա խոսքով՝ կենտրոնի հետագա կառուցվածքի և գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ վերջնական որոշումներ դեռ չեն կայացվել։
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է Դամասկոսում այնպիսի գործընկեր ունենալու հնարավորությունը, որը հանձնառու է «Իսլամական պետության» դեմ պայքարին։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը Reuters-ի հարցմանը չի պատասխանել։