ԱՄՆ Ֆլորիդա նահանգի իրավապահները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով ձերբակալել են վեց անձի, այդ թվում՝ չորս անօրինական ներգաղթյալի։ Տեղի դատախազության հաղորդմամբ՝ նրանք սպանդանոցում կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում հաճախորդները կարող էին անձամբ մորթել իրենց գնած կենդանիներին՝ երբեմն անմարդկային եղանակներով։
«Այնտեղ կենդանիների մորթի հանրային միջոցառում էր անցկացվում։ Գնորդները կարող էին կենդանիներ ձեռք բերել, ապա մասնակցել դրանց սպանությանը։ Բայց դրանք պարզապես սպանություններ չէին։ Ինչպես ցույց են տալիս ապացույցները, և ինչպես պարզել են քննիչները, դրանք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ամենասարսափելի դեպքերից էին, որոնց նրանք հանդիպել էին իրենց կարիերայի ընթացքում», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը։
Նրա խոսքով՝ իրավապահների ձեռք բերած կադրերում կենդանիները «աքացի են տալիս, ցավից ճչում, փորձում շնչել»։ Ութմայերը նշել է, որ կենդանիներին սպանում էին անմարդկային եղանակով. «Սպանդանոցի աշխատակիցները քայլում էին կենդանիների մարմինների վրայով, երբ դրանք դեռ շարժվում էին ու դանդաղ մահանում»։ Դեպքերից մեկում սպանդանոցի աշխատակիցը դանակ է տվել 12-ամյա երեխային և, բռնելով նրա ձեռքը, մորթել ոչխարին, ընդգծել է գլխավոր դատախազը։
Գործի քննության շրջանակում ձերբակալվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս անօրինական ներգաղթյալ։ Մեղադրյալներին սպառնում է տասից մինչև 105 տարվա ազատազրկում՝ կախված նրանց վերագրվող իրավախախտումներից։