
«Նիկոլ Փաշինյանը որ եկել է իշխանության, Արցախի մասին ոչ մի վատ բան չի ասել, հակառակը: Որ կարդում ես, չէ՞, ասում ես՝ արա, բա սա չլիներ մեզ վարչապետ: Ասում էր՝ ես իմ զրոյական կետից բանակցելու եմ, բանակցության նպատակն էլ ինչ ա՝ որպեսզի Արցախի դե ֆակտո անկախությունը դառնա դե յուրե»,- Live News-ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ շարունակելով. «Հետո գալիս ա իրա էն սրտաճմլիկ ելույթը՝ կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Արցախում: Հետո գալիս ա պատերազմի ժամանակվա իր ելույթը՝ մենք մեկ միլիմետր չենք նահանջելու մեր Արցախից, մեր հայրենիքից… Հետո ի՞նչ եղավ. իր պաշտոնավարման շրջանում Արցախը դարձավ Ադրբեջան, ասաց՝ Արցախը ճանաչում եմ Ադրբեջանի կազմում: Հետո ասաց՝ տրվել է սուտ հայրենասիրական լոզունգներին, գնացել ա դրա հետևից»: Ղազարյանն առաջարկել է Փաշինյանին հեռանալ, որպեսզի Հայաստանն ունենա նոր ղեկավար: