Ճապոնական Honda ավտոարտադրողը հետ է կանչում ավելի քան 810 հազար ավտոմեքենա, քանի որ դրանց անվտանգության բարձիկների փչող մեխանիզմները կարող են պայթել։
ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) տվյալներով՝ հետկանչը վերաբերում է 2012-2013 թվականների Honda Civic և CR-V, 2013 թվականի Honda Accord, ինչպես նաև 2013 թվականի Acura ILX և RDX մոդելներին։ Ընդհանուր առմամբ՝ հետկանչի ենթակա է 810 592 մեքենա։
Պայթյունի դեպքում մետաղական սուր բեկորները կարող են հարվածել վարորդին կամ ուղևորներին՝ պատճառելով ծանր վնասվածքներ կամ մահ։ Նշենք, որ Takata-ի արտադրած անվտանգության բարձիկների պատճառով նախկինում հետ են կանչվել տասնյակ միլիոնավոր ավտոմեքենաներ՝ սա համարվում է պատմության մեջ ամենախոշոր արտադրանքային հետկանչերից մեկը։