Financial Times-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ձգձգում է Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված շուրջ 60 զենիթային կալանիչ հրթիռների մատակարարումը, որոնց տրամադրումն արդեն իսկ համաձայնեցված էր։
Այդ խմբաքանակների՝ այդ թվում եվրոպական զինանոցներից նախատեսված մատակարարումները կասեցվել են և սպասում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հավանությանը։
Ըստ ժամանակացույցի՝ PAC-3 տեսակի առաջին 8 հրթիռները պետք է առաքվեին սեպտեմբերին, 10-ական հրթիռ՝ հոկտեմբերին և նոյեմբերին, ևս 12-ը՝ դեկտեմբերին։ Պաշտոնատար անձանց և իրավիճակին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ՝ այս չորս խմբաքանակներից ոչ մեկը դեռևս առաքման թույլտվություն չի ստացել։
Բացի այդ, Ուկրաինային հատկացվել է նաև ավելի հին՝ PAC-2 մոդելի շուրջ 20 կալանիչ հրթիռ, որոնց տեղափոխման համար նույնպես Պենտագոնի թույլտվությունը բացակայում է։ Քանի որ Patriot համակարգերի հրթիռներն արտադրվում են ԱՄՆ-ում, Վաշինգտոնը պետք է հաստատի դրանց արտահանումն ու վերաարտահանումը, նույնիսկ եթե խոսքը եվրոպական պահեստների մասին է։
Patriot-ը Ուկրաինայի տրամադրության տակ գտնվող այն սակավաթիվ զինատեսակներից է, որն ունակ է խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը նոր հարվածներ է նախապատրաստում, ուստի անհրաժեշտ է հաղթահարել ԱՄՆ-ից PAC-2 և PAC-3 հրթիռների մատակարարման ձգձգումներն ու արագացնել արևմտյան գործընկերների կողմից ՀՕՊ միջոցների տրամադրումը։