Հանրությունը ընդդիմությանը, առաջնահերթ՝ «Ուժեղ Հայաստանին», պատվիրել է պատի պես ամուր կանգնել ալիևյան սահմանադրության ճանապարհին, պաշտպանել ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը, և մենք դա անելու ենք, գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, Ալիևի պահանջով ուզում են փոխել ՀՀ Սահմանադրությունը, ինչը մեր պետության և պետականության համար ծանրագույն հետևանքներ է ունենալու։
Սա կեղծ, հակապետական օրակարգ է։ ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են, որ սա հերթական զիջումն է Ադրբեջանին։ Ավելին՝ այսպիսով պահանջները չեն դադարելու․ Ալիևն ավելին է պահանջելու, քանի որ ՀՀ-ում Փաշինյանն է իշխանության։
Սիրելի՛ հայրենակիցներ, այդ պահանջներին ընդառաջ գնալը երբեք չի կարող խթանել իրական, կայուն խաղաղությանը։ Երկարաժամկետ խաղաղությունը չի կարող հիմնված լինել միակողմանի զիջումների վրա։
Մերժելի է Ալիևի սահմանադրությունը։ Մենք ասում ենք՝ ո՛չ։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, ինչպես ինքն է ասել՝ մեկ է՝ ալիևյան սահմանադրությունը չի ընդունվելու։
Սիրելի հայրենակիցներ, մենք միասին մեր Սահմանադրության պաշտպաններն ենք, իսկ ՀՀ Սահմանադրությունը մեր անկախության պաշտպանն է»,– նշել է պատգամավորը։