ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մեկ տարվա ընթացքում բանակցություններ են ընթացել TRIPP նախագծի շուրջ, որն անցնելու է Հայաստանի տարածքի 42 կիլոմետրանոց հատվածով։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ադրբեջանական կողմը պարբերաբար տեղեկացվել է, քանի որ այս միջանցքի մուտքն ու ելքը գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Մենք ցանկանում ենք, որ նախագիծն ավարտին հասցվի հնարավորինս սեղմ ժամկետներում։
Այս նախագիծը մի քանի պատճառներով կարևոր է Ադրբեջանի համար։ TRIPP-ի միջոցով կապահովվի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Երկրորդ՝ այն Արևելք-Արևմուտք ուղղության Միջին միջանցքի նոր հատված է, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Ընդհանուր առմամբ, այն լրացուցիչ առավելություններ կապահովի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։