Լուկաշենկոն հայտարարել է՝ պատրաստ է Զելենսկու հետ մեկնել Մոսկվա

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։

«Ես և Վոլոդյա Զելենսկին կարող էինք միասին նստել ինքնաթիռ և մեկնել Մոսկվա։ Երկուսով։ Ես, որպես նրա անվտանգության երաշխավոր, կարող էի նրա հետ նստել ինքնաթիռ և մեկնել Մոսկվա»,- ասել է պետության ղեկավարը ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նախագահը վստահություն է հայտնել բանակցությունների նման ձևաչափի արդյունավետության վերաբերյալ։

«Մենք ավելի արագ կհամաձայնության գայինք, քան դուք՝ եվրոպացիներդ, այս պատերազմի ավարտի և հետագա կարգավորման հարցում և այլն։ Եվ մարդիկ դա կընդունեին։ Միևնույն է, մենք երեքով կորոշենք, թե ինչպիսին է լինելու մեր ապագան՝ Ուկրաինայի, Բելառուսի և Ռուսաստանի։ Մենք երեք սլավոնական ժողովուրդներ ենք։ Գլխավոր դերը մեզ է պատկանելու։ Այս տարածաշրջանում պատմականորեն և այժմ երեք հիմնական սլավոնական ժողովուրդներն են որոշելու, թե ինչպես ապրել հետագայում»,-ասել է նա։

Լրագրողի դիտարկմանը, թե Զելենսկին չի համաձայնի բանակցությունների նման ձևաչափին, Լուկաշենկոն պատասխանել է. «Չի համաձայնի՝ թող կռվի։ Թող ինքն անձամբ ավտոմատը ձեռքին մեկնի ռազմաճակատ և կռվի։ Պատերազմը շարունակվում է, այն պետք է կանգնեցնել։ Իսկ մենք կարող էինք համաձայնության գալ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *