ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Վաշինգտոնում՝ Արդարադատության նախարարության կենտրոնակայանում ունեցած ելույթում քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Գևին Նյուսոմին՝ սպանության համար դատապարտված ավելի քան 500 անձի մահապատժի դատավճիռները մեղմելու մտադրության համար, հայտնում է NBC News-ը։
Թրամփը Նյուսոմին անվանել է «սարսափելի» նահանգապետ։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ Կալիֆոռնիայի ղեկավարը «կանգնել է մարդասպանների և երեխաներին սպանողների կողքին, մինչդեռ ամերիկացի ժողովուրդը զոհերի և նրանց ընտանիքների կողքին է»։
Միաժամանակ Թրամփը չի հստակեցրել, թե իր վարչակազմն ինչպես կարող է խոչընդոտել նահանգապետի որոշմանը. բոլոր դատավճիռները, որոնք Նյուսոմը մտադիր է մեղմել, ընդունվել են նահանգի դատարաններում քննված գործերով։
ԱՄՆ նախագահների ելույթներն անմիջապես Արդարադատության նախարարությունում հազվադեպ են լինում։ Վերջին անգամ Թրամփը գերատեսչություն էր այցելել 2025 թվականի մարտին, երբ կոչ էր անում բանտարկել իր քաղաքական հակառակորդներին։
Այս անգամ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է գործադիր իշխանության մի քանի նոր միջոցառումների մասին։ Մասնավորապես, նա հայտնել է, որ կարգադրել է պարտավորեցնել Արդարադատության նախարարությանը մահապատիժ պահանջել երեխաներին սպանողների, ինչպես նաև իրենց զոհերին սպանած բռնաբարողների և մարդկանց առևտրով զբաղվողների համար։ Ըստ Թրամփի՝ գլխավոր դատախազը պետք է արագացնի դաշնային դատարանների ընդունած մահապատժի դատավճիռների ի կատար ածումը։
Միջոցառմանը հրավիրվել էին սպանության մի քանի զոհերի հարազատներ։
Նյուսոմը Թրամփի ելույթին պատասխանել է սոցիալական ցանցերում հրապարակած տեսաուղերձով։ Նա հայտարարել է, որ զոհերի հարազատների վիշտն իրական է, և ընդգծել, որ բոլոր դատապարտյալները, որոնց մահապատժի դատավճիռները կմեղմվեն, իրենց կյանքի մնացած մասը կանցկացնեն բանտում, և նրանցից ոչ ոք ազատ չի արձակվի։
Նահանգապետը Թրամփին մեղադրել է նաև լիազորությունները չարաշահելու մեջ՝ հայտարարելով, որ ԱՄՆ նախագահը ձգտում է հասնել իր հակառակորդների հետապնդմանը և իր ու իր դաշնակիցների ներմանը։
«Արդարադատության նախարարությունը, որը հետապնդում է նրա թշնամիներին և ներում շնորհելու նրան ու նրա ընկերներին, իրավապահ համակարգ չէ։ Դա իշխանության քողի տակ իրականացվող ռեկետ է»,- ասել է Նյուսոմը։
Ավելի վաղ նահանգապետն իր որոշումը բացատրել էր նրանով, որ «պետության թույլտվությամբ կատարվող սպանություններն անհամատեղելի են Կալիֆոռնիայի արժեքների հետ»։
ԱՄՆ-ում մահապատժի նկատմամբ հանրային աջակցությունն ընդհանուր առմամբ նվազում է 1994 թվականին արձանագրված 80% գագաթնակետից ի վեր, սակայն վերջին հարցումների արդյունքները ցույց են տալիս պատժի բարձրագույն միջոցի նկատմամբ ամերիկացիների ոչ միանշանակ վերաբերմունքը։
Ըստ նոյեմբերին Gallup-ի անցկացրած հետազոտության՝ չափահաս ամերիկացիների 49%-ը կողմ է սպանության համար դատապարտվածների նկատմամբ մահապատժի կիրառմանը, իսկ 45%-ը՝ դեմ։ Միևնույն ժամանակ Pew Research Center-ի օգոստոսյան հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 66%-ը կողմ է նման դեպքերում դրա կիրառմանը, թեև 59%-ը կարծում է, որ մահապատիժը մարդկանց հետ չի պահում հանցագործություններ կատարելուց։
Դրա նկատմամբ վերաբերմունքը տարբերվում է նաև՝ կախված քաղաքական հայացքներից. դեմոկրատներն ավելի ու ավելի հաճախ են հանդես գալիս պատժի բարձրագույն միջոցի դեմ։