Թրամփը Գոհաբանության տոնին ընդառաջ ներում է շնորհել Ազատություն և Փետուր անուններով հնդկահավերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ներում է շնորհել Ազատություն (Freedom) և Փետուր (Feathers) անուններով երկու հնդկահավերի՝ շարունակելով Սպիտակ տան տոնական ավանդույթներից մեկը, հայտնում է CBS News-ը։

«Ես նրանց լիակատար, բացարձակ և անվերապահ ներում եմ շնորհում. սա նշանակում է, որ նրանք հավերժ կապրեն»,- հայտարարել է Թրամփը։ Դիմելով թռչուններից մեկին՝ նա ասել է. «Ազատությո՛ւն, այս պահից դու լիովին և վերջնականապես ներված ես»։ Ըստ նախագահի՝ Փետուրը փախել է թփերի մեջ, բայց դա չի խանգարի նրան ներում շնորհելուն։

Այս տարի տեղի է ունեցել Գոհաբանության տոնի առթիվ հնդկահավի ներկայացման 79-րդ ամենամյա արարողությունը։ Ավանդույթի սկիզբը դրվել է 1947 թվականին, երբ Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիան առաջին անգամ թռչուններ է նվիրել նախագահ Հարի Թրումենին։ Սակայն պաշտոնապես ներում շնորհելու սովորույթն ի հայտ է եկել միայն 1989 թվականին՝ նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք։

Ազատությանն ու Փետուրին մեծացրել են Սքոթ և Բեքի Ռայթսելները՝ Արևմտյան Վիրջինիա նահանգի Ֆորտ Սայբերտում գտնվող իրենց ընտանեկան ագարակում։ Թռչուններին այնտեղ են բերել հուլիսին, որից հետո ագարակատերերն ամեն օր նրանց վարժեցրել են մարդկանց, բարձր ձայներին, տեսախցիկներին և լուսարձակման բռնկումներին։

Արարողությունից հետո Ազատությունն ու Փետուրը կուղևորվեն Քոլեջ Սթեյշն քաղաքի Թեքսասի A&M համալսարան։ Այնտեղ նրանց համար նոր կացարան են պատրաստել՝ կլիմայի կառավարման համակարգով, պատշգամբով և բացօթյա տարածք դուրս գալու հնարավորությամբ։ Թռչուններին խնամելու են վեց ուսանողներ։

Հնարավոր է՝ հնդկահավերը կրկին հայտնվեն հանրության առջև. նրանց կարող են ուրբաթ օրը ցուցադրել Թեքսասի A&M համալսարանի և Թեքսասի համալսարանի թիմերի միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ։

Ընդսմին, Հնդկահավ արտադրողների ազգային ֆեդերացիայի գնահատմամբ, շուրջ 30 միլիոն այլ հնդկահավեր Գոհաբանության տոնին կհայտնվեն ամերիկացիների տոնական սեղաններին։

Ներման արարողությունն այս տարի անցկացվել է Սպիտակ տան նոր ուղղաթիռային հարթակում։ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ տարի միջոցառումը տեղի կունենա նոր պարահանդեսային սրահում, որը նա անվանել է «այս երկրում երբևէ կառուցված ամենաամուր շենքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *