

Նոյեմբերի 23-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ Convergences Armenia Forum-ի առաջին համաժողովը, որը կազմակերպել էին Convergences-ը և Acted Armenia-ն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։ Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբեց պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական ու ձեռնարկատիրական շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու COP17-ից հետո երկրի բնապահպանական օրակարգն ու համագործակցության ուղիները։
Համաժողովը հիմնված էր նախորդիվ Երևանում, Գյումրիում և Կապանում անցկացված երեք տարածաշրջանային երկխոսությունների արդյունքների, ինչպես նաև COP17-ի շրջանակում Acted Armenia-ի կազմակերպած կենսաբազմազանությանը նվիրված երկու պանելային քննարկումների վրա։
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը։ Փոխնախարարը շեշտեց, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների վրա աճող ճնշումը և էկոհամակարգերի դեգրադացիան փոխկապակցված խնդիրներ են, որոնց լուծումը պահանջում է համակարգված մոտեցում՝ պետական, տեղական, գիտական, մասնավոր և հասարակական հատվածների միասնական ներգրավմամբ։ Նրա խոսքով՝ COP17-ի առանցքային ուղերձը միջազգային պարտավորություններն ազգային և տեղական մակարդակներում կոնկրետ գործողությունների վերածելն է, իսկ բնության պահպանությունը պետք է դիտարկել ո՛չ թե որպես զարգացմանը խոչընդոտող, այլ երկարաժամկետ տնտեսական ու սոցիալական առաջընթացի հիմնարար նախապայման։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Ժյուլի Ֆորն իր ելույթում կարևորեց COP17-ի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ նշելով, որ դրանք պետք է արտացոլվեն ազգային քաղաքականություններում և համայնքային որոշումներում։ Անդրադառնալով առկա խնդիրներին՝ դիվանագետը մատնանշեց Երևանում օդի որակի վատթարացումն ու Սևանա լճի խոցելիությունը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին ջրի, էներգետիկայի, բնական պաշարների և թափոնների կառավարման ոլորտներում կոնկրետ նախագծեր իրականացնելու հարցում։
ACTED կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Պասկալ Բերնարն իր հերթին ներկայացրեց կառույցի ռազմավարական տեսլականը՝ «զրո մեկուսացում, զրո ածխածնային հետք և զրո աղքատություն»։ Նա ընդգծեց, որ հնարավոր չէ հասնել բնապահպանական կայունության՝ առանց աղքատության և անհավասարության դեմ պայքարի, իսկ Հայաստանում առկա գիտական ներուժն ու քաղաքացիական հասարակության ակտիվությունը պետք է միավորել կայուն գործընկերությունների շուրջ։
Համաժողովի առանցքային հատվածներից էր «COP17-ից այն կողմ» բարձրաստիճան պանելային քննարկումը։ Բանախոսներն էին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Կարեն Խաչատրյանը, «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Նազարեթ Սեֆերյանը, «Հայաստան ծառատունկ» ծրագրի ռազմավարական գործընկերությունների և ազդեցության տնօրեն Մարինա Մխիթարյանը և ձեռնարկատեր, Beer Academy-ի և Epos-ի հիմնադիր Արմեն Ղազարյանը։ Քննարկումը վարեց շրջակա միջավայրի կառավարման փորձագետ Մարի Չաքրյանը։
Բանախոսներն անդրադարձան Հայաստանի բնապահպանական և կենսաբազմազանության առաջնահերթություններին՝ դիտարկելով, թե ինչպես կարելի է ամուր գործընկերության, ինստիտուցիոնալ համագործակցության և համայնքների ներգրավման միջոցով ստանձնած պարտավորություններից անցում կատարել գործնական քայլերի։
Միջոցառման ընթացքում գործեց նաև տեղական նախաձեռնությունների և բնապահպանական լուծումների ցուցահանդես։ Այնուհետև աշխատանքները շարունակվեցին զուգահեռ ընթացող երկու թեմատիկ աշխատաժողովներով՝ «Բնություն և տարածքային դիմակայունություն» և «Էներգետիկա և ռեսուրսների արդյունավետ օգտագործում», ինչպես նաև՝ «Green Talks. Սերունդը՝ հանուն փոփոխությունների» երիտասարդական նիստով, որոնց արդյունքներն ու հիմնական եզրակացություններն ամփոփվեցին համաժողովի ավարտին։
Նոյեմբեր 25, 2026 at 12:47