Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Օրակարգային հարցերի հաստատումից հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են որոշումների նախագծերը:
Համապատասխան որոշումներով սահմանվել են Սևան համայնքում 2027 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2027 թվականի դրույքաչափերը, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարները և այլ տեղական վճարներ, 2027 թվականի համար օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի մրցութային մեկնարկային գները։
Նախկինում Սևան համայնքի ավագանու կողմից ընդունված մի քանի որոշումներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։
Համայնքի ավագանին մեկ այլ որոշմամբ հաստատել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի վերանորոգում և վերազինում» ենթածրագրի շրջանակներում Սևան համայնքի կողմից ձեռքբերված գույքը, տեխնիկական միջոցները և սարքավորումները «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ փոխանցելը։
Նախնական համաձայնություն է տրվել «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-III (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ») ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերին առնչվող օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
Համայնքի ավագանու անդամները համապատասխան որոշումներ են կայացրել օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ:
Նիստի ավարտին Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը և համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը շնորհակալություն են հայտնել գործընկերներին՝ 5-ամյա արդյունավետ համագործակցության համար։