«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան

«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոգեբուժությո՞ւն, թե՞ թմրաբանություն․ ինչի՞ համար են բժիշկներին միավորում քննության մեջ։
     Մինչև 2025 թվականը Հայաստանում հոգեբույժները և թմրաբանները մասնագիտական կրթություն էին ստանում առանձին կլինիկական օրդինատուրաներում։
     Հոգեբույժները՝ «Հոգեբուժություն» մասնագիտությամբ,
     թմրաբանները՝ «Թմրաբանություն» մասնագիտությամբ։
     Այսինքն՝ երկու առանձին մասնագիտություններ էին՝ իրենց կրթական ծրագրերով, մասնագիտական գիտելիքների շրջանակով և կլինիկական առանձնահատկություններով։
     2025 թվականից այս երկու մասնագիտությունները միավորվել են։ Եվ հիմա, ըստ առողջապահության նախարարության ներկայացրած մոտեցման, հոգեբույժը պետք է քննություն հանձնի նաև թմրաբանության, իսկ թմրաբանը՝ հոգեբուժության ուղղությամբ։
     Սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում։
     Ինչպե՞ս կարող է բժիշկը, ով տարիներ շարունակ կրթվել և աշխատել է մեկ մասնագիտությամբ, պարտավորվել քննություն հանձնել մեկ այլ մասնագիտության ամբողջական շրջանակով։
     Իսկ ամենակարևոր հարցը՝
     Եթե բժիշկը հաջողությամբ հանձնի այս միասնական քննությունը, արդյո՞ք նա ստանալու է երկու մասնագիտությունների լիցենզիա։
     Օրինակ՝ նախկին թմրաբանը, որը մինչ այժմ զբաղվել է միայն թմրաբանությամբ, քննությունը հանձնելուց հետո իրավասու է լինելո՞ւ զբաղվել նաև հոգեբուժությամբ։
     Եվ հակառակը՝ հոգեբույժը, որը չունի թմրաբանության առանձին կլինիկական օրդինատուրա, քննությունը հանձնելուց հետո իրավասու՞ է լինելու իրականացնել թմրաբանական գործունեություն։
     Սրանք մասնագիտական իրավունքի, կրթության, լիցենզավորման և պացիենտի անվտանգության հարցեր են։
     Մասնագիտությունների միավորումը վարչական որոշմամբ ինքնաբերաբար չի կարող վերացնել տարիների ընթացքում ձևավորված կրթական և կլինիկական տարբերությունները։
     Ավելին՝ նման մոտեցումներ կան նաև բժշկական այլ մասնագիտությունների շրջանակներում, որոնց վերաբերյալ նույնպես հարցեր են առաջանում։ Դրանք ես կանդրադառնամ հաջորդիվ։
     Առողջապահության նախարարությունը պարտավոր է հստակ պատասխանել՝ միասնական քննությունը երկու մասնագիտությունների լիցենզիա՞ է տալիս, թե՞ պարզապես ստեղծում է նոր քննության պահանջ՝ առանց մասնագիտական իրավասությունների հստակ սահմանման»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *