Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը (ICOMOS) և նրա՝ 20-րդ դարի ժառանգության միջազգային գիտական կոմիտեն (ISC20C) ահազանգում են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին ուղևորային համալիրի հնարավոր քանդման վտանգի մասին։
Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ 1981 թվականին շահագործման հանձնված տերմինալը հայկական մոդեռնիստական ճարտարապետության նշանակալի նմուշներից է։
ICOMOS-ի մտահոգության պատճառը շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից հանելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծն է, որով առաջարկվում է այն հանել պետական գրանցամատյանից։ Կազմակերպության գնահատմամբ՝ նման որոշումը կարող է ճանապարհ հարթել շենքի քանդման կամ մասնակի ապամոնտաժման համար։
ICOMOS-ը կոչ է արել Հայաստանի իշխանություններին պահպանել հուշարձանի կարգավիճակը և ապահովել դրա իրավական պաշտպանությունը՝ կանխելով հնարավոր քանդումը։ Կազմակերպությունը նաև առաջարկել է դիտարկել շենքի պահպանման և նոր գործառույթներով օգտագործման տարբերակները՝ 20-րդ դարի ճարտարապետական ժառանգության այս կարևոր նմուշը ապագա սերունդներին փոխանցելու նպատակով։