«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 27-ի որոշման առնչությամբ՝ այն համարելով տարիների ընթացքում ձևավորված դատական պրակտիկայից շեղում։ Նախաձեռնության ներկայացուցիչների համոզմամբ՝ Համբարձումյանի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում՝ պայմանավորված նրա՝ որպես ընդդիմադիր թեկնածուի քաղաքական չեզոքացման նպատակով։ Նրանք Համբարձումյանին համարում են քաղբանտարկյալ։
«Դավիթ Համբարձումյանի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, առնվազն ժամկետային առումով, արմատապես շեղվում է բարձրագույն դատական ատյանում տարիներ ի վեր ձևավորված իրավակիրառ պրակտիկայից։ Այսինքն, նրա նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում։
Միևնույն ժամանակ, քարոզարշավի փուլում գտնվող ՏԻՄ ընտրական գործընթացում Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, ուստի բացահայտորեն առկա է այդ տարբերակված մոտեցման բացատրությունը, այն է՝ ընդդիմադիր թեկնածուի չեզոքացումը։
Նշվածը թույլ է տալիս Դավիթ Համբարձումյանին ճանաչել որպես քաղբանտարկյալ՝ նույնիսկ քննարկման առարկա չդարձնելով նրան վերագրվող արարքի փաստերը։
Հավանական ենք համարում, որ բարձրագույն դատական ատյանի այս որոշումը պայմանավորված է այն իրողությամբ, որ իշխող ուժը մտադիր է նոր սահմանադրությամբ չեղարկել գործող դատավորների անփոփոխելիության սկզբունքը»,-նշված է հայտարարության մեջ։