
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նահանգին մոտեցող հզոր փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։
«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Նյու Յորքում, ինչպես նաև Նասաու, Սաֆոլք և Ուեսթչեսթեր շրջաններում՝ Գոհաբանության օրվա տոնակատարությունների ժամանակ սպասվող հզոր փոթորկի պատճառով», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Նա նշել է, որ օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ սպասվում են հորդառատ անձրևներ և ուժեղ քամի, որոնք կարող են վտանգավոր իրավիճակ ստեղծել։
Միևնույն ժամանակ, Գոհաբանության օրվա առթիվ Նյու Յորքում ամեն տարի անցկացվող Macy’s-ի փուչիկների շքերթի կազմակերպիչները հայտնել են, որ այն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հինգշաբթիից տեղափոխվել է շաբաթ։
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին նշել է, որ շքերթի հետաձգման պատճառը քաղաքին մոտեցող փոթորիկն է։ Նրա խոսքով՝ այսօր սպասվող քամին այնքան ուժեղ է լինելու, որ կարող է կոտրել ծառերի ճյուղերն ու վնասել էլեկտրահաղորդման գծերը։ Բացի այդ, անհայտ է, թե ինչպես իրենց կպահեն հսկայական օդապարիկները շքերթի ընթացքում։
«Գիտեմ, որ ծրագրերի այս փոփոխությունը անհարմարություններ կստեղծի, սակայն անվտանգությունը պետք է լինի առաջին տեղում», – նշել է Մամդանին։
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 1924 թվականին իր մեկնարկից ի վեր շքերթը չեղարկվել է ընդամենը երեք անգամ՝ 1942, 1943 և 1944 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1971 թվականին այն դադարեցվել է ուժեղ քամու և անձրևի պատճառով։