Իսրայելը ցանկանում է Միացյալ Նահանգներին ներքաշել նոր պատերազմի մեջ՝ մեղադրելով Իրանին դեղագործական օբյեկտներում քիմիական և կենսաբանական զենք արտադրելու և թաքցնելու համար․ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարը հիշեցրել է, որ Իրանը «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի կողմ է և Քիմիական զենքի արգելման կազմակերպության անդամ, նախկինում էլ Սադամ Հուսեյնի ռեժիմի կողմից քիմիական զենքի հարձակումների զոհ է դարձել։
«Նման անամոթ մեղադրանք ներկայացնելու նպատակը ակնհայտ է՝ խաբեությամբ ներքաշել Միացյալ Նահանգներին Իսրայելի շահերից բխող մեկ այլ պատերազմի մեջ՝ միաժամանակ վտանգի ենթարկելով իրանցի հիվանդներին», – հայտարարել է Արաղչին։
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև ընդգծել է, որ Իսրայելը հրաժարվում է միանալ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերն արգելող միջազգային կոնվենցիաներին։
«Այս ռեժիմը հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունի, հարձակվել է տարածաշրջանի յոթ երկրների վրա և օկուպացրել է տարածքներ՝ 3 երկրից։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելը երկու անգամ Միացյալ Նահանգներին ներքաշել է Իրանի դեմ անհաջող պատերազմի մեջ», – հավելել է նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանը քիմիական զենք է մշակում, և թե՛ Իսրայելը, թե՛ Միացյալ Նահանգները տեղյակ են դրա մասին։
Իսրայելի պաշտպանության նախարարը հավելել է, որ Իսրայելի բանակի և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից Իրանի դեմ համատեղ հարված հասցնելու ծրագրերը պատրաստ են, և գործողությունը սկսելու որոշումը կախված է Թրամփից։