Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ենթադրել է, որ Ուկրաինան, հնարավոր է, ստիպված լինի հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում իր տարածքների մի մասը կարող է մնալ Կիևի վերահսկողությունից դուրս։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նա նման զիջումները կապել է Եվրամիությանը երկրի անդամակցության հեռանկարների հետ։
«Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի համաձայնագիրը, իսկ ավելի ուշ, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիրը։ Այդ ժամանակ կարող է այնպես լինել, որ Ուկրաինայի տարածքի մի մասը դադարի լինել ուկրաինական»,- երկուշաբթի օրը Մարսբերգի Կառլոս Մեծի անվան գիմնազիայի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է Մերցը։
«Եթե նախագահ Զելենսկին ցանկանում է սա հասցնել իր ժողովրդին, ստանալ մեծամասնության աջակցությունը և այդ հարցով հանրաքվե անցկացնել, ապա նա պետք է միաժամանակ ասի մարդկանց. «Ես ձեր առջև բացել եմ դեպի Եվրոպա տանող ճանապարհը»»,- հավելել է Մերցը։
Ուկրաինան ներկայումս ունի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Գերմանիայի կանցլեր Մերցը հորդորել է զերծ մնալ արագ անդամակցության վերաբերյալ չափազանց մեծ լավատեսությունից՝ հայտարարելով, որ Ուկրաինան չի կարող միանալ միությանը, քանի դեռ պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ։ Նա ընդգծել է, որ Կիևը նախ պետք է կատարի ԵՄ անդամ երկրներին ներկայացվող որոշակի պայմաններն ու պահանջները, որոնք վերաբերում են նաև իրավունքի գերակայությանը և կոռուպցիայի դեմ պայքարին։
«Զելենսկին ցանկանում էր ԵՄ-ին միանալ 2027 թվականի հունվարի 1-ին։ Դա չի ստացվի։ Նույնիսկ 2028 թվականի հունվարի 1-ն դա անիրատեսական է»,- Reuters-ը մեջբերում է Մերցի խոսքերը։
Գործակալությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը արգելակվում էր նաև Հունգարիայի անհամաձայնության պատճառով, սակայն այն կարող է արագանալ հիմա, երբ Վիկտոր Օրբանի իշխող կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում: