
Հյուսիսային Կորեան դադարեցրել է Ռուսաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Այս մասին իր կայքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունը (ՀԳՎ)։
Հետախուզության տվյալներով՝ հոկտեմբերին Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածություն է առաջացել։ Դրա պատճառը Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հայտարարությունն է եղել, ըստ որի Կրեմլը ապագայում կնպաստի Սեուլի և Փհենյանի հարաբերությունների լարվածության թուլացմանը։ Սա դժգոհություն է առաջացրել Հյուսիսային Կորեայում։
Հոկտեմբերի վերջին Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չոե Սոն Հուին նշել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում երկու երկրների միջև դաշնակցային պայմանավորվածությունների բնույթին, ինչպես նաև պահանջել է պարզաբանումներ՝ Հարավային Կորեայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ։
«Ավելին, նա հայտարարել է ՌԴ-ին ռազմական աջակցության ժամանակավոր դադարեցման մասին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ համապատասխան որոշումն անձամբ ընդունել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Մասնավորապես, սահմանափակումները նախատեսում են արգելել ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները Հյուսիսային Կորեայի օդային տարածքով, ինչպես նաև դադարեցնել KN-23 բալիստիկ հրթիռների և հրետանային զինամթերքի հերթական խմբաքանակի մատակարարումները», – հայտնում է Ուկրաինայի ՀԳՎ-ն։
Բացի այդ, Փհենյանն առայժմ ձգձգում է Ռուսաստանի՝ իր տարածքում հյուսիսկորեական զորախմբի թվաքանակը 8,5 հազարից մինչև 50 հազար զինծառայողի հասցնելու խնդրանքի կատարումը։