Հայաստանում չպետք է լինի առևտրային գործարք, որը ՀԴՄ-ն չգեներացնի. Փաշինյան

Կառավարության նիստին ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է, որ ՀԴՄ կտրոնն ունենա նույն բովանդակությունը՝ անկախ շրջանառության չափից:

Գործող կարգավորման համաձայն՝ եթե նախորդ տարվա շրջանառությունը գերազանցում է 24 մլն դրամը, տնտեսավարողը պարտավոր է ՀԴՄ-ի վրա գեներացնել ապրանքի անվանում, ծածկագիր, աշխատանքի կամ ծառայության անվանում, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև ճաշացանկ, գնվող ապրանքի քանակ ու չափման միավոր, այսինքն՝ գործող օրենսդրությամբ մինչև 24 մլն դրամի համար բացառություն էր սահմանված:

«Այս դեպքում կա մի խնդիր, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ տեղավորվում են այս շեմի ներքո և խանգարում են փոքրերին, նաև ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ, նաև ստվեր:

Երկրորդ խնդիրն այն է, որ վարչարարության արդյունավետությունն է ընկնում, որովհետև 24 միլիոնից ցածր ապրանքների դեպքում տեսանելի չեն ապրանքը և գործարքը»,- ասաց նա՝ նշելով, որ առաջարկվում է միասնականացնել կանոնը, ըստ այդմ՝ ՀԴՄ կտրոնը պետք է ունենա նույն բովանդակությունը՝ անկախ շրջանառությունից:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանում չպետք է լինի առևտրային այնպիսի գործարք, որը ՀԴՄ-ն չգեներացնի:

«Ճամփեզրերին տարբեր տիպի առևտրային գործունեություն ծավալողները՝ սկսած եգիպտացորեն վաճառողից, չիչխան, սունկ վաճառողից, առևտրային գործարքից պետք է գեներացնեն որոշակի հարկ: Որ այս տրամաբանությամբ գնանք, և քաղաքացին ինֆորմացիան ստանա, տեսնի դրա ազդեցությունն իր կյանքի վրա՝ առողջության ապահովագրություն, ճանապարհներ, դպրոցներ, անվտանգություն և այլն, մարդկանց համար կյանքը, պետությունն ավելի հասկանալի ու տեսանելի կլինեն:

Շատ կարևոր է, որ այդ զգացողությունը փոխանցենք մարդկանց, որ ոչ թե իրենցից կտրում են, տալիս են ուրիշին, այլ իրենք գեներացնում են իրենց համար»,- պարզաբանել է Փաշինյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *