Իրանագետ Փույա Հոսեյնիի գնահատմամբ՝ TRIPP նախագիծն Իրանի համար անվտանգության լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Նա չի բացառում, որ հետագայում նախագիծը կարող է օգտագործվել Իրանի տնտեսական շրջափակման նպատակով՝ սահմանափակելով երկրի ապրանքաշրջանառությունն ու արտաքին կապերը։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի հարաբերություններում որևէ խնդիր չկա, Թեհրանի մտահոգությունները հաշվի են առնվել, և TRIPP նախագծով Իրանի «կարմիր գծերը» չեն հատվելու։
ABC Media-ի հետ զրույցում Հոսեյնին նշեց, որ Իրանի մտահոգությունները պայմանավորված են ոչ միայն նախագծի աշխարհագրական տեղակայմամբ, այլև տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ընդլայնման և հնարավոր տնտեսական ճնշումների ռիսկերով։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանը մտավախություն ունի, որ TRIPP-ը կարող է հետագայում դառնալ Իրանի շրջափակմանն ուղղված ավելի լայն քաղաքականության գործիք։ Իրանագետը շեշտեց՝ խնդիրը միայն Հայաստանին վստահելու կամ չվստահելու մեջ չէ։ TRIPP նախագիծը, նրա խոսքով, երեք կողմի մասնակցությամբ գործընթաց է, և Իրանը չի կարող միայն Երևանի հավաստիացումների հիման վրա վստահ լինել, որ մյուս մասնակիցները հետագայում նախագիծը չեն օգտագործի իր դեմ։
«Միայն խոսքով այդ խնդիրը չի լուծվում, պետք է Հայաստանն իրական երաշխիքներ տա, որպեսզի հետագայում Միացյալ Նահանգները TRIPP նախագիծն Իրանի դեմ չօգտագործի»,-նշեց Հոսեյնին։
Իրանագետը նաև ուշադրություն է հրավիրում Իրանի ներսում առկա տարբեր մոտեցումների վրա։ Նրա խոսքով՝ թեև Իրանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություններում Հայաստանի նկատմամբ վստահություն է հայտնում և TRIPP-ի հարցում խնդիր չի տեսնում, Իրանի այլ ազդեցիկ շրջանակներից ավելի կոշտ գնահատականներ են հնչում։
Հոսեյնին ընդգծում է, որ Իրանի արտաքին քաղաքական որոշումները միայն կառավարության դիրքորոշմամբ չեն պայմանավորվում, և Հայաստանի իշխանությունները չպետք է իրենց հաշվարկներում անտեսեն այդ մյուս շրջանակների տեսակետները։
Նրա համոզմամբ՝ Երևանը պետք է հաշվի առնի Թեհրանի ներսում առկա բոլոր մտահոգությունները և ոչ միայն հայտարարություններով, այլև հստակ երաշխիքներով ցույց տա, որ նախագիծը չի վտանգի Իրանի անվտանգությունը։
Նանե Հայրապետյան