
Հավանություն է տրվել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման համակարգերի հնարավոր ներդաշնակեցումը, իրավակարգավորումների կատարելագործումը, վարչարարության պարզեցումը։
Նախագծով առաջարկվում է երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստներին առնչվող՝ օրենքի դրույթներից հանել որդեգրողին վերաբերելի իրավակարգավորումները, քանի որ այս դեպքում համապատասխան ինստիտուտի կարգավորումների համաձայն` որդեգրողը հանդես է գալիս որպես ծնող, իսկ նպաստի իրավունքն իրացնելիս որդեգրման փաստը հրապարակելու անհրաժեշտություն չկա։
Օրինագծով առաջարկվում է նաև՝ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատությունների կամ կազմակերպությունների ցանկը հաստատելու համար լիազորել սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին, քանի որ այդ ցանկը պարբերաբար փոփոխվում է և նպատակահարմար չէ այն նորմատիվ իրավական ակտով հաճախակի փոփոխելը։ Նախատեսվում է նաև հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմելու՝ օրենքով սահմանված ժամկետները և այլն։
Արդյունքում՝ կկատարելագործվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի և խնամքի նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը՝ հնարավորինս ապահովելով պետական տվյալների շտեմարաններում առկա տեղեկատվության ինքնաշխատ եղանակով օգտագործումը, նպաստի իրավունք ունեցող անձանց համար վարչական գործողությունների և փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության նվազեցումը, կներդաշնակեցվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ու խնամքի նպաստների իրավունքների իրացման պայմանները, ժամկետները, ընթացակարգերը, 2028 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում կսահմանվի խնամքի նպաստի համահարթ չափ, անկախ ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու կամ գյուղաբնակ հանդիսանալու հանգամանքից։